Նա չգիտի ինչպես հեռանալ. Le Figaro

235002084

«Երբ 1999թ.-ի օգոստոսի 9-ին հայտարարվեց, որ Վլադիմիր Պուտինը՝ ԱԴԾ-ի ղեկավարը, դարձել է վարչապետ, ոչ ոք չէր հավատում, որ նա այդ պաշտոնին կմնա երկար ժամանակ, ֆրանսիական Le Figaro-ում գրում է Լորա Մանդեւիլը: «Անհայտ, անփորձ, բղավում էին փորձագետները»,-հիշեցնում է հեղինակը:

«1999թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում եւ Վոլգոդոնսկում տեղի ունեցած պայթյուններից հետո Կրեմլը մեղադրեց չեչեն ահաբեկիչներին: Տրվել էր Չեչնիա ներխուժելու մեկնարկը: Ահաբեկչություններն այդպես էլ չբացահայտվեցին, սակայն Պուտինի հանրահայտության նիշը մինչեւ երկինք բարձրացավ: Այդ պահից Ելցինի իշխանության վաղաժամ փոխանցումը նրան, որը տեղի ունեցավ 1999թ.-ի դեկտեմբերի 31-ին, նույնիսկ չնչին բողոք չառաջացրեց ոչ բնակչության եւ ոչ էլ պաշտոնյաների շրջանում: Պաշտոնյաները կարծում էին, որ Պուտինն իրենց մարդը կլինի: Որքան էին նրանք սխալվում: Ռուսաստանը դեռ չգիտեր, որ տրվել է  տիրոջը: Եվ 18 տարի անց նա էլի այնտեղ կլինի»:

«Դառնացած ԽՍՀՄ-ի դառը վերջաբանից եւ Բեռլինյան պատի փլուզումից, որին նա հետեւում էր Դրեզդենից, Պուտինը ցանկանում էր, նախեւառաջ, խուսափել իշխանության կաթվածահարումից: Այդ պատճառով նրա բոլոր գործողությունները միտված էին հզոր կենտրոնական իշխանություն ստեղծելուն: Այդ պահին ժողովուրդը ողջունում էր՝ հոգնած քաոսից: Պուտինն ընտրեց համակարգված վերահսկողության տրամաբանությունը»:

«Նա իշխանության ղեկը հանձնեց Սանկտ Պետերբուրգի իր կլանին,- ասվում է հոդվածում: -Ենթադրվող կարգուկանոնի հաստատումն իր ետեւում թաքցնում էր, իրականում, կազմակերպված թալանի նոր փուլ, սակայն այս անգամ արդեն չեկիստների վերահսկողության տակ»:

«Աստիճանաբար վերահսկողության տրամաբանությունը սկսեց դուրս գալ սահմաններից, որտեղ նոր ցարը ցանկացավ հաստատել ռուսական տիրապետությունը: Հոգու խորքում Պուտինը միշտ էլ նույն բանն է ցանկացել՝ հզոր Ռուսաստան, որը ներշնչում է հարգանք իր սահմաններից դուրս: Սակայն փոխվել էր խոչընդոտների նրա ընկալումը: Սկզբում Պուտինը հիմնվում էր ներքին անարխիայի վրա, այնուհետ կենտրոնացավ Արեւմուտքի վրա, երբ հասկացավ, որ այն երբեք չի ընդունի նոր Յալթան: Այդ պահից նա դադարեցրեց ցանկացած համագործակցություն՝ Արեւմուտքին դիտարկելով որպես ռուսական կայունության առանցքային սպառնալիք»:

«Իր ձեռքում կենտրոնացնելով իշխանությունը, նա շարունակում է հիմնվել կոռուպցիայի բուրգի վրա: Էլիտան լքում է երկիրը: Մեծ դժգոհություն կա երիտասարդների շրջանում: Շատ դիտորդներ համոզված են, որ Պուտինը կցանկանար թողնել իր պաշտոնը, սակայն հայտնվեց հսկայական լիազորությունների ծուղակում, որոնք նա կենտրոնացրել էր իր ձեռքում»: «Նա չգիտի ինչպես հեռանալ»,- թերթը մեջբերում է Միխայիլ Խոդորկովսկու խոսքերը:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝