«Համաշխարհային ժանդարմը» վերադարձավ. La Repubblica

comp-1_0000011

««Համաշխարհային ժանդարմը» վերադարձավ Թրամփի կերպարով, ով խոստացել էր, որ Ամերիկան բոլորից առաջ կլինի»,- La Repubblica-ում գրում է Վիտորիո Ձուկոնին:

«Հիմա հարց է առաջանում. ինչպե՞ս է Վլադիմիր Պուտինը պատասխանելու ամերիկյան թեւավոր հրթիռների գործարկմանը: Այս համազարկն ուղղված էր Պուտինի հովանավորյալի եւ Մերձավոր Արեւելքում նրա գլխավոր վասալի՝ Բաշար Ասադի  դեմ,- ասվում է հոդվածում: – Մոսկվայի համար, որը շարունակում է հերքել Ասադի պատասխանատվությունը քիմիական զենքի կիրառման համար, ընդունելի կլինի՞ արդյոք ամերիկացիների կողմից իր սիրիացի վասալին հասցված ապտակին չարձագանքելը»:

«Մոսկվան ԱՄՆ-ի կողմից նախազգուշացվել էր սպասվող հարձակման մասին, որպեսզի խուսափեն թյուրիմացություններից եւ անմիջապես հստակեցնեն, որ հրթիռների թիրախը ռուսաստանյան օբյեկտներն ու զինծառայողները չեն: Չնայած այն հանգամանքին, որ ռազմական թիրախը Պուտինի զինուժը չէր,- նշում է Ձուկոնին,- քաղաքական թիրախը հաստատ նա էր՝ լորդ-պաշտպանը, առանց որի, հավանաբար, Ասադի իշխանությունն արդեն ընկած կլիներ տարբեր ապստամբների եւ ԻՊ-ի զինյալների ճնշման ներքո»:

«Եթե այս քայլն ավելի շուտ թատերական էր, քան կործանարար ռազմական ծրագիր, եւ ուղղված էր հիմնականում նրան, որպեսզի ցույց տրվի ամերիկացիներին, որ Թրամփը գործի մարդ է եւ ոչ թե Օբամայի նման երկչոտ մարտիկ, Պուտինի կողմից  կընկալվի որպես ուժերի ցուցադրություն եւ կորցրած հեղինակությունը բարձրացնելու հուսահատ փնտրտուքների մեջ գտնվող ամերիկյան նախագահի որոշում, ապա Մոսկվայի արձագանքը կսահմանափակվի միայն հռետորաբանությամբ»,- ենթադրում է հեղինակը:

«Սակայն,- շարունակում է լրագրողը,- խաղը, որի մեջ մտել է Թրամփը, հույս ունենալով, որ այդ ամենը մեծ հաշվով ցուցադրական է եւ շարունակություն չի ունենա, համարվում է ոչ թե փակվող, այլ բացվող դուռ՝ ինչպես բոլոր ռազմական գործողությունները»:

«Չնայած անցյալի դասերին, ցանկություն կա հուսալ, որ այդ բաց դուռը չի հանգեցնի նոր լարվածության եւ նմանատիպ գործողությունների՝ գուցե անդրադառնալով Հյուսիսային Կորեայի վրա, որը գտնվում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պաշտպանության տակ, ով երեկ ճաշել է Թրամփի հետ եւ տեղեկացվել Սիրիայի վրա հարձակման մասին: Չէ՞ որ ցանկացած հակամարտություն, լինի դա ցուցադրական, թե պատժիչ, միշտ էլ ավելի դժվար է ավարտել, քան սկսել: Հիմա խոսքը Պուտինինն է»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ La Repubblica

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝