Արդյո՞ք Բալկաններում պատերազմ կբռնկվի. Foreign Policy

1428810203_7298204_1190213

«Սիրիայում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող հակաասադյան ապստամբներին հասցված ռուսաստանյան օդային հարվածների եւ Բալկաններով Արեւմտյան Եվրոպա շտապող փախստականների հոսքի մասին համաշխարհային նորությունների տեղատարափից խլացած ճգնաժամ է հասունանում Բոսնիայում եւ Հերցեգովինայում, ԵՄ հարավ-արեւելյան սահմանին: Եվ այստեղ նույնպես երկպառակություն սերմանելու մեջ ներգրավված է Մոսկվան»,- Foreign Policy-ում հրապարակված հոդվածում գրում է Ջեյմս Լայոնը:

«Նոյեմբերի 21-ին կլրանա Դեյթոնյան խաղաղության համաձայնագրի քսանամյա տարելիցը, որը վերջ դրեց երեք ու կես տարի տեւած դաժան պատերազմին սերբերի, խորվաթների եւ բոսնիացիների միջեւ»,- հիշեցնում է նա:

«Դեյթոնյան համաձայնագրի համաձայն Բոսնիայի տարածքում ստեղծվեց ինքնավարության չափազանց բարձր մակարդակով երկու ձեւավորում. դաշնություն, որի բնակչության մեծ մասը բոսնիացիներն են եւ խորվաթները, եւ Սերբական հանրապետությունը, որի մեծամասնությունը սերբերն են: Սերբական հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը պատրաստվում է Դեյթոնյան համաձայնագրի «մեղրի տակառի մեջ մի գդալ կուպր ավելացնել»՝ բացահայտ կերպով խախտելով այն մի միջոցի օգնությամբ, որը շատերը համարում են քողարկված անկախության հանրաքվե»,- ասվում է հոդվածում:

Այդ օրը նշանակված հանրաքվեն նախատեսում է պատասխան միայն մեկ հարցի. «Աջակցու՞մ եք արդյոք հակասահմանադրական եւ անօրինական օրենքների ներդրումը Բոսնիա եւ Հերցեգովինայում միջազգային հանրության գերագույն ներկայացուցչի կողմից, հատկապես օրենքների, որոնք պարտադրված են Բոսնիա եւ Հերցեգովինայի դատարանին ու դատախազությանը եւ Սերբական հանրապետության տարածքում դրանց որոշումների իրականացմանը»:

«Եթե որեւէ մեկի մոտ դեռ կան կասկածներ Դոդիկի մտադրությունների առնչությամբ, ապա հիշեցնենք՝ ապրիլին նա հայտարարել էր, որ Սերբական հանրապետությունը 2018 թվականին անկախության հանրաքվե կանցկացնի»,- գրում է Լայոնը:

Հոդվածի հեղինակը գրում է Դոդիկի կողմից Բոսնիայում իրականացվող սերբական ազգայնականությունը բորբոքելու եւ բարեփոխումների սաբոտաժի փորձերի մասին: «Այդ սադրանքների հարցում Մոսկվան աջակցել է Սերբական հանրապետությանը: Բոսնիայում Ռուսաստանի դեսպան Պյոտր Իվանցովը հայտարարել է, որ այս հանրաքվեն երկրի ներքին հարցն է, եւ կարեկցանքով է արձագանքել Սերբական հանրապետությունից հնչող բողոքներին»:

«Աջակցելով Դոդիկին՝ Պուտինն ունակ է ստեղծել զգալի խնդիրներ Արեւմուտքի համար՝ առանց վատնելու անտեղի ռեսուրսներ եւ չկիրառելով դիվանագիտական ջանքեր: Կաղապարն արդեն հայտնի է»,- կարծում է Լայոնը: «Աբխազիայից Վրաստանում, Մերձդնեստրից Մոլդովայում, մինչեւ վերջին իրադարձությունները Ղրիմում եւ Արեւելյան Ուկրաինայում Ռուսաստանը փորձում էր կանխել Արեւմուտքի գրոհները տարածքների վրա, որոնք նա իրենն է համարում պատմականորեն: Եվ այն համատեքստում, որ հարեւան Մոնտենեգրոն այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, Մոսկվան ցանկանում է սահման անցկացնել, որպեսզի կանխի Արեւմուտքի հետագա ներթափանցումը տարածաշրջան»,- ասվում է հոդվածում:

«Հաշվի առնելով այն, որ Եվրամիությանը շեղում են ավելի լուրջ խնդիրները, միայն ԱՄՆ-ի եռանդուն եւ ակտիվ մասնակցությունը կարող է կանխել վերահաս աղետը Բոսնիայում եւ այնտեղ ձեւավորված վակուումը Ռուսաստանով լրացնելը»,- կարծում է հոդվածի հեղինակը:

«Առաջին հերթին լինելով Դեյթոնյան խաղաղության համաձայնագրի պահպանման երաշխավոր՝ ԱՄՆ-ն պետք է նշանակի տարածաշրջանում հատուկ բանագնաց, որպեսզի ամրապնդի արեւմտյան դաշինքը եւ օգտագործի դիվանագիտական ​​միջոցները Դոդիկի ծրագրերը խափանելու նպատակով: Երկրորդ՝ գերագույն ներկայացուցչի լիազորությունները պետք է թարմացվեն: Երրորդ՝ Արեւմուտքը պետք է օգտագործի ֆինանսական, վարչական եւ քրեական պատժամիջոցներ բոսնիացի քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր խախտում են Դեյթոնյան համաձայնագիրը: Չորրորդ՝ եւ սա առավել կարեւոր է, որ հատուկ բանագնացը պետք է վերանայի Դեյթոնյան համաձայնագիրը՝ հույս ունենալով վերաշարադրել այն ամբողջությամբ»,- կարծում է Լայոնը:

«Արեւմուտքն ունի մեկ այլ հաղթաթուղթ: Սերբական հանրապետությունը ստեղծվել է Դեյթոնյան համաձայնագրի համաձայն: Եթե սերբերը հրաժարվեն պահպանել այն, ապա իրավաբանորեն կկորցնեն օրինականությունը: Միջազգային հանրությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի եւ լուծարի Սերբական հանրապետությունը»,- գրում է հեղինակը:

Լայոնը զգուշացնում է Բոսնիայում պատերազմի հնարավոր բռնկման մասին Սերբական հանրապետության անջատման դեպքում: «Եթե բռնություն սկսվի, ապա դա կանդրադառնա ամբողջ Բալկանների վրա: Այն կարող է տարածվել Կոսովոյի, Հարավային Սերբիայի, Մակեդոնիայի եւ մահմեդական մեծամասնություն ունեցող սերբական Սանջակ շրջանի վրա: Եվ բռնության տարածումը Բոսնիայի սահմաններից դուրս կարող է խաթարել Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ հարաբերությունների նորմալացման բանակցությունները: Սա կարող է նաեւ նպաստել Բոսնիայի չափավոր մահմեդականների արմատականացմանը, որոնց վրա Պարսից ծոցի երկրների ծայրահեղականների կողմից ճնշումն աճում է՝ վտանգելով ստեղծել մահմեդական մեծամասնությամբ ագրեսիվ մինի-պետություն հենց ԵՄ-ի սահմանի վրա»,- զգուշացնում է հեղինակը:

«Վաշինգտոնը պետք է հենց հիմա որոշի՝ արդյո՞ք ակտիվ միջոցներ կձեռնարկի, որպեսզի փլուզումից ապահովագրի Բոսնիան եւ Հերցեգովինան ու կայունություն պահպանի Բալկաններում, կամ էլ թույլ կտա Մոսկվային կանոններ հաստատել: Եվ Սիրիան ցույց տվեց, որ սպասման օգտին կատարված ընտրությունը հանգեցնում է լուրջ հատուցման, ինչը չպետք է կրեն պատերազմից տառապած Բալկանները»,- գրում է Լայոնը:

Աղբյուր՝ Foreign Policy

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Դիտվել է՝