Սարգսյանի անկումը կապված չէ աշխարհաքաղաքականության հետ. Foreign Policy

fransiayi hraparak

«Երբ Ռուսաստանի դաշնակից հետխորհրդային ինչ-որ մի երկրում փողոցային ցույցերի արդյունքում տապալում են առաջնորդին, Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա վերլուծաբանները աշխարհաքաղաքական եզրահանգումներ են անում ավելի արագ, քան կհասցնես արտաբերել «Ջորջ Սորոս» բառերը: Սակայն երբեմն, ինչպես եղավ Հայաստանում վերջին մի քանի օրերին, բողոքի ցույցերը, որոնք տապալեցին գործադիրին, դրանք պարզապես ցույցեր են, որոնք հանգեցնում են գործադիրի տապալմանը»,- Foreign Policy-ում գրում է Carnegie Endowment for International Peace-ի ավագ գիտաշխատող Թոմաս դը Վաալը:

«Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական տվեց հիմնականում երիտասարդ անձանց գլխավորած մասսայական ցույցերի ճնշման ներքո»:   

Թոմաս դը Վաալ

Թոմաս դը Վաալ

«Սակայն մենք չպետք է սպասենք, որ դա աշխարհաքաղաքական հետեւանքներ կունենա Հայաստանի սահմաններից դուրս, եւ չպետք է  դրանում տեսնենք ոչ ռուսաստանյան ազդեցության նվազման նախանշան, ոչ էլ ռուսաստանյան հնարավոր միջամտության առիթ: Սարգսյանի անկումը կապված չէ աշխարհաքաղաքականության հետ: Դա առավելապես նախանշան է այն բանի, որ հետխորհրդային ռեժիմներն այնքան էլ ամրապինդ չեն, որքան թվում են տարածության վրա, եւ որ տարածաշրջանի հին ռեժիմները կարող են խաղաղ փլուզվել՝առանց դրսից որեւէ խթանման»,-կարծիք է հայտնում Վաալը:

«1999թ.-ից սկսած երկրում գերիշխում էին մեկ կուսակցություն՝ ՀՀԿ-ն, եւ 2 մարդ՝ երբեմնի մտերիմ ընկերներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ովքեր զբաղեցրել են նախագահի պաշտոնը: Ապրիլին ավարտվեց Սարգսյանի երկրորդ եւ վերջին նախագահական ժամկետը, ինչը իշխող խմբավորմանը դրեց  դժվարին կացության մեջ. ինչպե՞ս երկարաձգել սեփական իշխանավարումը»:

«Երկիրը կառավարող գործարար եւ քաղաքական էլիտան ցանկանում էր իշխանության հաջորդականություն եւ Սարգսյանի ներկայությունն այնտեղ: 2014թ.-ին Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Ապրիլին, այնուամենայնիվ, նա դարձավ վարչապետ՝ պայմանավորված իր երեսպաշտությամբ եւ իշխանությունն ընդմիշտ ձեռքում պահելու ցանկությամբ»,-նշվում է հոդվածում:

«Ապրիլի 23-ի իրադարձությունը չի առնչվում միայն մեկ մարդու: Դա 2 տասնամյակում կազմավորված համակարգի պտուղն է, որտեղ միախառնված են բիզնեսն ու քաղաքականությունը, իսկ շատ հանցավոր անհատներ եւ Ղարաբաղյան հակամարտության վետերաններ իրենց վերահսկողության տակ էին վերցրել տնտեսության եկամտաբեր ոլորտները եւ չէին ցանկանում դրանցից հրաժարվել: Այդ առումով Հայաստանը չի տարբերվում մյուս հետխորհրդային պետություններից՝ Ռուսաստանից, Բելառուսից եւ Ադրբեջանից»,-կարծիք է հայտնում քաղաքագետը:

Աղբյուր՝ Foreign Policy

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝