Սնապարծ ցինիզմի գերտերությունը. Die Welt

170510-trump-lavrov-russia-twitter-ew-1123a_4357fdef576d082fd03f339cf85d592e

«Ամեն շաբաթ մի նոր սկանդալ, գերմանական Die Welt հանդեսում գրում է Կլեմենս Վերգինը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի կողմից Ռուսաստանին գաղտնի տեղեկություններ հաղորդելու մտահոգիչ պատմությանը»:

«Ռուսաստանցի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերաբերյալ Թրամփի հաղորդած գաղտնի տեղեկատվության մասին առաջինը հայտնել էր The Washington Post թերթը, ինչից հետո Սպիտակ տունը հերքեց այդ լուրը, սակայն ավելի ուշ Թրամփը մասամբ հաստատեց պատմության իսկությունը»,-նշվում է հոդվածում:

«Այդ վկայությունները կորզել էին Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դաշնակից պետության հետախուզական ծառայությունները, եւ Թրամփը, ամենայն հավանականությամբ, դրանցով կիսվել է ռուսաստանցի հյուրերի հետ իր սնապարծության պոռթկման ժամանակ»,- ընդգծում է հեղինակը:

«Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ սեփական պոռթկումները վերահսկելու եւ կառավարելու անկարողությունը կարող է իրական սպառնալիք հանդիսանալ անվտանգության համար: Թրամփն իրեն պահում է երեխայի նման, ով ցանկանում է դուր գալ ուրիշներին, գործում է զգացմունքներով՝ չհաշվարկելով հետեւանքները»:

«Այժմ ԱՄՆ-ի դաշնակիցներից շատերը հարց են տալիս իրենց՝ արժե՞ արդյոք նրա հետ կիսվել սեփական գաղտնիքներով, եթե ամերիկացի նախագահը չի կարողանում լեզուն պահել ատամների արանքում: Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ ահաբեկչության դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է, որ դաշնակիցները փոխանակվեն տեղեկություններով»,-գրում է հոդվածագիրը:

«Եվս մեկ խնդիր է Թրամփի վերաբերմունքը ճշմարտությանը եւ իր աշխատակիցներին: Օրինակ, ազգային անվտանգության գծով իր խորհրդականին, նրա տեղակալին եւ պետքարտուղարին նա հրահանգել էր հերքել տեղեկությունները, որոնք հրապարակել էր The Washington Post-ը, իսկ հաջորդ առավոտ Թրամփը 180 աստիճանով շրջադարձ է կատարում եւ սոցցանցի իր էջում գրում, որ Մոսկվային վկայություններ է փոխանցել: Արդյունքում, կրկին տուժեց նրա մարդկանց բարի համբավը՝ այս անգամ խորհրդական Մաքմասթերինը»:

«Այս կերպ Թրամփի Ամերիկան դառնում է ցինիզմի գերտերություն»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝