Պուտինի գահը կարող է երերալ. Die Welt

main_900

«Նման թափով բողոքի ակցիաներ Ռուսաստանը չէր տեսել արդեն մի քանի տարի: Ընդդեմ կոռուպցիայի անցկացված ակցիաների հանրահավաքային ալիքը՝ տասնյակ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ, Սանկտ-Պետերբուրգից տարածվեց մինչեւ Վլադիվոստոկ»,- գերմանական Die Welt հանդեսում գրում է Յուլիա Սմիռնովան:

«ОВД-Ինֆո իրավապաշտպան կազմակերպության տվյալներով միայն Մոսկվայում ձերբակալվել էր ավելի քան 1000 մարդ: Թերեւս որեւէ մեկը չէր կարող կռահել, որ մարդկանց զայրույթն ու հիասթափությունը կարող էր հորդել նման ուժով: Վերջին անգամ ռուսաստանցիները բողոքի ցույցի էին դուրս եկել 5 տարի առաջ: 2012թ.-ին այդ ակցիաները դաժանորեն ճնշվեցին, իսկ հանրահավաքների մասին օրենքները խստացվեցին»:

«Հաջորդ տարի Պուտինը ցանկանում է վերընտրվել նախագահի պաշտոնում: Դրանում համոզված են բոլորը, թեեւ Կրեմլից պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի ստացվել: Թվում էր, որ Պուտինի հաղթարշավի համար ամենամեծ խնդիրը կարող է հանդիսանալ քաղաքական անտարբերությունն ու ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը»:

«Մինչ վերջերս մարդիկ լռելյայն դիմանում էին նավթի գնանկումով եւ պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական իրավիճակի վատթարացմանը, իսկ Ռուսաստանի արտաքին քաղաքական եւ ռազմական նվաճումները փառաբանող քարոզչությունը, խիստ պատիժների հանդեպ վախն ու քաղաքական փոփոխությունների հասնելու հավատի բացակայությունը զսպում էին մարդկանց դուրս գալ փողոցներ»,-նշվում է հոդվածում:

«Սակայն կիրակնօրյա իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը, այնուամենայնիվ, ի վիճակի է մոբիլիզացնել մարդկանց: Ցուցարարներն ականջալուր եղան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կոչերին: Հենց նրա ղեկավարած հիմնադրամն էր հրապարակել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա կոռումպացված կայսրության մասին պատմող հետաքննական ֆիլմը, որն էլ հանրահավաքների առիթ հանդիսացավ: Բողոքի ակցիաների խորհրդանիշ դարձան դեղին ռետինե բադիկները, որոնց իրական ցեղակիցներն անհոգ լող են տալիս Մեդվեդեւի ամառանոցներից մեկում, եւ նորաձեւ մարզակոշիկները, որոնց հանդեպ անտարբեր չէ ռուսաստանցի վարչապետը»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝