Թրամփի եւ Պուտինի միջեւ դաշինք չի լինի. Der Standard

97ae55f794ae2478e58a1c3ac3e088b0

Ինսբրուքի համալսարանի պրոֆեսոր, ավստրիացի քաղաքագետ Գերհարդ Մանգոտի կարծիքով, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում ընդհանուր եւ միասնական շահեր գոյություն չունեն: «ԱՄՆ-ում ընթանում են թեժ քննարկումներ այն հարցի շուրջ, թե արդյոք Դոնալդ Թրամփն իսկապես կկարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչի մասին նա բազմիցս հայտնել է նախընտրական քարոզչության ընթացքում: Հատուկ ծառայությունները, Կոնգրեսը եւ արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող հաստատությունները շատ էին անհանգստացած նման հեռանկարով եւ հակազդում էին դրան»: «Արդեն այսօր շատ նախանշաններ կան, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ Թրամփի օրոք լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու»,-Der Standard-ին տված հարցազրույցում ասել է Մանգոտը:

Գերհարդ Մանգոտ

Գերհարդ Մանգոտ

«Քաղաքական եւ ռազմական էլիտայի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանին թշնամի է համարում, որին ամեն դեպքում պետք է զսպել՝ պատժամիջոցներով, ահաբեկման միջոցներով, դիվանագիտական մեկուսացմամբ եւ ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական երկրներում սպառազինության ավելացմամբ: Խոսակցությունները, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, որ ԱՄՆ-ի նոր նախագահի շրջապատի անձինք կապեր են ունեցել ՌԴ հատուկ ծառայությունների հետ, եւ իբր թե Մոսկվայում կան Թրամփի վերաբերյալ վարկաբեկող նյութեր, կտրականապես զրկել են նրան Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ  հաստատելու հնարավորությունից: Սակայն կան նաեւ ավելի լուրջ պատճառներ, որ այդ մերձեցումը հնարավոր չէ»,- գրում է Մանգոտը:

«Առաջին հերթին, դա ուկրաինական հարցն է: Թրամփի աշխատակազմը հետեւում է Օբամայի օրինակին. Ղրիմը չի ճանաչվել Ռուսաստանի տարածք, եւ հենց Ռուսաստանն է պատասխանատու Ուկրաինայի արեւելքում իրավիճակի ապակայունացման համար»:

«Երկրորդը սիրիական ճգնաժամն է: Մինչեւ հիմա Թրամփը ոչ մի կերպ չի հստակեցրել Սիրիայում ԱՄՆ-ի շահերը՝ չհաշված «Իսլամական պետության» դեմ պայքարի նոր ծրագիրը: Պաշտպանության նախարար Մետիսը Թրամփի հետ հանդիպման ժամանակ մի շարք առաջարկություններ է արել այդ հարցով, սակայն դրանք չեն հրապարակվել»:

Փորձագետը ռուս-ամերիկյան հարաբերություններում պակաս կարեւոր թեմա չի համարում զինաթափումը: «Այդ հարցում Ռուսաստանի եւ Վաշինգտոնի միջեւ կան տարակարծություններ, հնարավոր է նաեւ հարաբերությունների վատթարացում: Թրամփն արդեն ՌՀՍ-3 համաձայնագրի մասին ասել է, որ դա ձեռնտու է եղել միայն մի կողմին, այսինքն Ռուսաստանին»:

«Չորրորդ. տարաձայնություններից դժվար թե հնարավոր լինի խուսափել  նաեւ Իրանի միջուկային խնդրի հարցում: Այստեղ հակասություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները»,-եզրափակել է Գերհարդ Մանգոտը:

Աղբյուր՝ Der Standard

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝