Պուտինի «անհնազանդ զավակները». Der Spiegel

1330966198199219_big_photo

«Ներկա պահին սոցիոլոգներին, ընդդիմադիրներին եւ օտարերկրացի լրագրողներին մի հարց է հետաքրքրում. չի՞ առանձնանում արդյոք Ռուսաստանի երիտասարդությունն իր ծնողների սերնդից: Դպրոցականների եւ ուսանողների մեծ թիվը մարտյան ցույցերի ժամանակ չի՞ մատնանշում արդյոք այն, որ «Պուտինի սերունդը» դեմ դուրս կգա այն մարդուն, ում անունով էլ կոչվել են նրանք,- գերմանական Der Spiegel-ում գրում է Բենիամին Բիդդերը: -Ովքե՞ր են երիտասարդ ռուսաստանցիները. նոր ազատության զավակնե՞րը,  թե՞ պուտինյան համակարգի ժառանգները: Այդ հարցի պատասխանները բավականին հակասական են, եւ դա այն պատճառով, որ ՌԴ երիտասարդությունը միաժամանակ եւ մեկն է, եւ մյուսը»:

«Այսպես, երիտասարդների շրջանում Պուտինի կողմնակիցների տոկոսը նույնքան բարձր է, որքան ավելի բարձր տարիքի ռուսաստանցիների: Բացի դրանից, մարտյան ցույցերն առաջին հերթին ուղղված էին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, այսինքն ընդդեմ իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի, բայց ոչ ընդդեմ ամբողջ իշխանությանն ու նախագահ Պուտինի: Այդ պատճառով ցույցերը կարող են պայմանականորեն  համարվել Պուտինի բարձր վարկանիշի հակադրություն,- ընդգծում է լրագրողը: «Լեւադա կենտրոնի» ղեկավարի խոսքերով՝ Պուտինը շարունակում է մարդկանց գիտակցության մեջ մարմնավորել հավաքական արժեքներ եւ ռուսաստանյան հասարակության խորհրդանիշներ»:

«Հարցումների ժամանակ բազմաթիվ երիտասարդ ռուսաստանցիներ նշում են, որ պահպանողական արժեքների կողմնակից են, ինչպես իրենց ծնողները, ինչպես ավագ սերունդը, երիտասարդության մեծ մասը նույնպես դեմ է միասեռական եւ հետերոսեքսուալ հարաբերությունների ճանաչմանը»,- ասվում է հոդվածում: «Մոսկվացի սոցիոլոգ Եկատերինա Շուլմանը նշում է, որ Ռուսաստանում չկա սերունդների հակամարտություն: Այդ պատճառով էլ ոչ մի «երիտասարդական խռովության» մասին խոսք լինել չի կարող»:

«Ռուսաստանցի երիտասարդների շրջանում աշխարհայացքի որոշակի ուշագրավ տարբերություններ կան: Օրինակ, երիտասարդությունը բացարձակ այլ կերպ է գնահատում Միխայիլ Գորբաչովին, ով արդեն ավելի քան երկու տասնամյակ շատերի համար չարիքի մարմնացում է: Հիմա ամեն տարի Պետդումայի պատգամավորները պահանջում են դատապարտել Գորբաչովին «հայրենիքի դավաճանության» համար: Սակայն երիտասարդությունն այդ քաղաքական կերպարին հանգիստ է վերաբերվում, երիտասարդների միայն 11 տոկոսն է համարում, որ նա «դավաճան է», այն դեպքում, երբ 45-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում դրանում համոզված է 71 տոկոսը»:

««Պուտինի սերունդը» մեծացել է համեմատաբար բարեկեցիկ պայմաններում, ինչը չէր կարող իր հետքը չթողնել»,- շարունակում է Բիդդերը: -Եթե նրանց ծնողները, դեռ հիշելով ծանր եւ անկայուն 90-ական թվականները, իրենց գլխավոր արժեքը համարում են անվտանգությունն ու կայունությունը, ապա երիտասարդությունը տեղյակ է այդ տարիների մասին միայն ծնողների պատմածով: Արդյունքում երիտասարդների մոտ «անվտանգությունն» արժեքների ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը: Նրանց համար առավել կարեւոր է «ազատությունը», որի տակ նրանք հասկանում են իրենց սեփական կյանքն ու կենցաղն ըստ իրենց սեփական պատկերացումների կառուցելու հնարավորություն»:

«Բացի այդ, ռուսաստանյան հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տվյալներով՝ «Պուտինի սերնդի» ներկայացուցիչների մեծ մասը թեեւ կարծում է, որ Ռուսաստանը վարում է ճիշտ արտաքին քաղաքականություն, չի հավատում նոր սառը պատերազմի մասին թեզին: Երիտասարդությունը համոզված է, որ ներկայիս խնդիրները կապված են Ղրիմի եւ Ուկրաինայի հետ եւ մի օր կկարգավորվեն»:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝