«Պուտինը երբեք չի հանձնի Ասադին». Bild

_93103896_rusputin23dec

«Սիրիայի ավիաբազաներին ամերիկյան ռազմական հարվածից հետո արեւմտյան երկրները եւ Ասադի դաշնակիցները՝ Ռուսաստանը եւ Իրանն, անցան լուրջ քայլերի: Ռուսաստանը մեղադրեց Վաշինգտոնին «կարմիր գիծն» անցնելու մեջ, իսկ ԱՄՆ-ն արդարացրեց իր գործողությունները եւ սլաքներն ուղղեց Բաշար Ասադի ուղղությամբ՝ պնդելով, որ սիրիական հակամարտությունում հիմնական առաջնահերթությունն իշխանափոխությունն է: Գերմանական Bild-ը զրուցել է քաղաքական գործիչների եւ փորձագետների հետ Կրեմլի հնարավոր արձագանքի վերաբերյալ:

Լրագրող եւ Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Անտոնիա Ռադոսը ենթադրում է, որ այժմ աշխարհում մեծ է միջնորդավորված բաց պատերազմի ռիսկը, որին կարող են ներգրավվել բոլորը:

«Սիրիայում գոյություն ունի երկու բլոկ՝ մի կողմից թույլ Ասադը, ով կախված է ռուսներից եւ Իրանից, մյուս կողմից՝ տարբեր շահեր ունեցող Արեւմուտքը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, ինչպես նաեւ չափավոր եւ արմատական խմբավորումները: Ամերիկյան հարվածից հետո այդ երկու ճակատներն ավելի ընդգծված դարձան,- շարունակում է Ռադոսը: Սակայն Ռուսաստանը երբեք չի հանձնի Ասադին: Սիրիան մնում է նրա վերջին ամրոցն այդ տարածաշրջանում»:

Ամերիկացի հրապարակախոս Էնդյու Դենիսովը կարծում է. «Եթե պարոն Պուտինը գնա լարվածության սրացման, ապա դա աղետաբեր սխալ կլինի: Այդ դեպքում կսկսվեն խնդիրները: Սակայն միեւնույն ժամանակ Պուտինը կարող է ասել՝ եկեք օգտվենք ամերիկյան նոր նախագահի հետ խոսելու հնարավորությունից եւ գտնենք քաղաքական որոշում առանց Ասադի»:

«Ձախեր» գերմանական կուսակցության նախագահ Դիտմար Բարտչն իր հերթին նշում է. «Այդ տարածաշրջանում լարվածության սրացման հավանականությունը մեծ է: Սակայն ռազմական որոշումներն անարդյունավետ են, հակամարտությունը հնարավոր է լուծել միայն քաղաքական որոշումով»: Բարտչը քննադատել է ԱՄՆ նախագահի սիրիական մարտավարությունը եւ հայտնել, որ ամերիկացիների հրթիռային հարվածն ավելի բարդացրեց իրավիճակը, իսկ Թրամփի արտաքին քաղաքականությունն անկանխատեսելի է:

«Այս մեկանգամյա միջոցը վախ է ներշնչում: Չկա հստակություն, թե ինչպես է Թրամփը գործելու հետագայում»,- շարունակում է նա՝ հիշեցնելով, որ դեռ մեկ շաբաթ առաջ ամերիկյան կառավարությունը եւ պետքարտուղար Թիլերսոնը հակառակն էին պնդում, այն, որ նրանք հնարավոր համարում են քաղաքական որոշում Ասադի հետ միասին»: «Հետաքրքիր է, թե Թրամփի որ խորհրդականն է լինելու հաջորդ շաբաթվա ֆավորիտը»,- ավելացրել է Բարտչը:

Եվրախորհրդարանի պատգամավոր եւ արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Էլմար Բրոկն ասել է, որ զարմացած է ԱՄՆ-ի ռազմական գործողություններից: «Մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ է, որ մեկ միջուկային գերտերությունը դուրս է գալիս մյուսի դեմ»,- ասել է նա Bild-ին: Սակայն մյուս կողմից՝ մանրամասն վերլուծելուց հետո պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ չի հաշտվելու այն ամենի հետ, ինչ անում է Ռուսաստանը Սիրիայում, եւ ամերիկացիների հրթիռային հարվածը հստակ մեսիջ էր, որ եկել է կրկին բանակցությունների սեղանի շուրջ նստելու ժամանակը»:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝