Մեծ մտրակ ու փոքր քաղցրաբլիթ. Ռուսաստանը կարող է սկսել առավել ակտիվ սատարել Հայաստանին. BBC-ի անդրադարձը

_103368331_gettyimages-1025695036

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 25-ին նախատեսված այցի կապակցությամբ BBC-ն վերլուծական հոդվածով անդրադարձել է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ այս համատեքստում չանտեսելով ՀՀ պարագան: Նշվում է, որ Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն խախտվել էին, ինչը պայմանավորված էր միջազգային պատժամիջոցներով ու վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Հոդվածը վերնագրված է՝ «Պուտինը Բաքվում. մեծ մտրակն ու փոքր քաղցրաբլիթը»:

Հոդվածագիրն արձանագրում է, որ ՌԴ նախագահի այցն Ադրբեջան մի նպատակ ունի՝ ցույց տալ, որ Ռուսաստանը տարածաշրջանում առաջատար խաղացող է: Հոդվածի հեղինակ Միխայիլ Սմոտրյաևը մեջբերում է Օքսֆորդի համալսարանի տարածաշրջանի գծով փորձագետ Լեյլա Ալիևայի այն տեսակետը, թե շատերը Ռուսաստանին համարում են խորտակվող «Տիտանիկ» նավ: Սակայն այդ խորտակվող «Տիտանիկը» մեծ առևտրային ու տնտեսական գործընկեր է, որի տեղն այսօր պատրաստ չեն զբաղեցնել Ադրբեջանի ավանդական դաշնակիցներ Թուրքիան ու Իրանը: Հետևաբար, Բաքուն շարունակում է ռուսական զենք գնել: Պարբերականը հիշեցնում է, որ ՌԴ ադրբեջանական համայնքը պաշտոնապես մոտ 1.5 մլն է:

ՌԴ ԿԲ տվյալներով՝ ամեն տարի ՌԴ-ից Ադրբեջան է փոխանցվում 1,2 մլրդ դոլար: Անբարենպաստ զարգացումների դեպքում կարող է կրկնվել 2008-ի վրացական սցենարը՝ արտաքսվեն ադրբեջանցիները: «Կրեմլում կարող են որոշել, որ ժամանակն է սատարել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին՝ քրդերին, թալիշներին, լեզգիներին: Թեպետ նրանց թիվը մեծ չէ, սակայն նրանք գլխացավանք են Բաքվի համար:

Հոդվածագիրը հիշեցնում է այլ լծակների մասին ևս՝ տնտեսական և վերջապես դրան գումարված Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

«Ռուսաստանը կարող է սկսել առավել ակտիվ սատարել Հայաստանին, ինչպես Ադրբեջանի հանդեպ ճնշումը սաստկացնելու միջոցով, այնպես էլ ՀՀ նոր ղեկավարության հետ առավել սերտ հարաբերություններ ստեղծելու համար: Անշուշտ, դա երկսայր սուր է, մինչ այժմ ՌԴ-ն հանդես է եկել որպես յուրօրինակ մրցավար և զսպող գործոն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Զրկվել այդ կարգավիճակից կնշանակի հեղինակությունը հարվածի տակ դնել, չհաշված, որ հերթական տարածաշրջանային հակամարտություն Կովկասում ՌԴ-ին պետք չէ: Մի կողմից, Մոսկվան չի ցանկանա սրել ղարաբաղյան հակամարտությունը, մյուս կողմից՝ Կրեմլը միշտ չէ, որ իրեն ռացիոնալ է պահում: Տակտիկական եզրակացությունները կարող են գերակշռել ռազմավարական նպատակահարմարության նկատառումները, ինչպես արդեն բազմիցս է եղել»,- գրել է պարբերականը:

«Ադրբեջանի նախագահ Ալիևի համար իշխանափոխությունը Երևանում մտահոգության մեծ առիթ է, այդ թվում նաև այն պատճառով, որ Մոսկվան հայաստանյան իրադարձություններին չմիջամտեց: Պուտինը կարող է աջակցություն խոստանալ Ալիևին ներքին ընդդիմության հետ պայքարում, թեև այս հարցում նրա իրական հնարավորությունները սահմանափակ են. հո տանկեր չի՞ մտցնելու Բաքու: Մոսկվան կարող է նաև որպես բրոքեր հանդես գալ ադրբեջանա-իրանական հարաբերություններում բարդ հարցերի լուծման համատեքստում, սակայն այստեղ էլ ՌԴ ազդեցությունը հարկ չկա գերագնահատելու: Այնպես որ, Պուտինն իր հետ Բաքու հավանաբար մեծ մտրակ ու փոքր քաղցրաբլիթ է տանում»,- ամփոփել է BBC -ն:

Թարգմ.՝ Անահիտ Ավագյանի

Դիտվել է՝