70×70=50+. Պուտինի վերընտրվելու մաթեմատիկական բանաձեւը

6_main_new

«Ռուսաստանի նախագահը «քաղաքին եւ աշխարհին» հայտնեց, որ չորրորդ անգամ է առաջադրվելու Կրեմլում: Բնականաբար, դա ընդամենը ձեւականություն էր. բոլորն արդեն գիտեին, որ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է խաղին»,- Corriere della Sera-ում գրում է Պաոլո Վալենտինոն:

«Ամեն դեպքում հեշտ չի լինի: Ռուսաստանում գործում է հետեւյալ մաթեմատիկական բանաձեւը՝ 70×70=50+: Առաջին թիվն ընտրողների մասնակցության տոկոսն է, որն անհրաժեշտ է ապահովել, երկրորդը՝ ձայների քանակությունը, որը Պուտինն անպայման պետք է հավաքի, իսկ 50+-ն ամբողջ ընտրազանգվածի կոնսենսուսի տոկոսն է, որն անհրաժեշտ է նախագահին: Սա է բանաձեւը, առանց որի Պուտինի վերընտրությունը զուրկ կլինի օրինական ուժից»,-նշում է հեղինակը:

«Լեգիտիմացման հասնելու համար Ռուսաստանի առաջնորդը պետք է կրկին մոբիլիզացնի ժողովրդին, որը ցուցադրում է անտարբերության եւ դժգոհության աճող նախանշաններ: Պուտինն իր առաջադրվելու մասին հայտնեց հաջորդ օրը, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշեց թույլ չտալ Ռուսաստանին մասնակցել 2018թ.-ի ձմեռային օլիմպիական խաղերին»:

«Դա նշան է, որ ազգային հպարտությունը կրկին դառնալու է քարոզչական արշավի սիրված խաղաքարտերից մեկը»,- կարծում է լրագրողը:

«Սակայն Կրեմլում իշխանության համար իրական պայքարը սկսվելու է վերընտրվելուց հետո, երբ ուժի մեջ կմտնի Պուտինի վերջին սահմանադրական մանդատը: Իսկ նա չունի ծրագիր եւ իրավահաջորդ, եւ ինչպես եղել է պատմության մեջ, Ռուսաստանը կրկին կարող է թեւակոխել նոր անհանգիստ ժամանակաշրջան»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Corriere della Sera

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝