«56 բանդիտներ որոշել են դեմ գնալ ժողովրդի ցանկությանը». Liberation

fransiayi hraparak

«Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորները մասսայաբար քվեարկեցին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեմ: Վերջինս ամբողջ երկրում համընդհանուր գործադուլի կոչ հնչեցրեց»,-գրում է ֆրանսիական Liberation հանդեսի հատուկ թղթակից Վերոնիկա Դորմանը:

«Մարդիկ ծայրահեղ հիասթափության մեջ են: Մայիսի 1-ին նրանք ամբողջ օրը սպասում էին, որ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին կընտրի երկրի վարչապետ: 9 ժամ տեւած կոշտ հարցաքննությունից եւ մեղադրական ճառերից հետո ՀՀԿ-ի պատգամավորներն անվստահություն հայտնեցին ժողովրդական թեկնածուին: Նրա օգտին քվեարկեցին 45 պատգամավորներ, դեմ՝ 56-ը»,-հիշեցնում է լրագրողը:

«Դա բացարձակապես անարդար է: 56 բանդիտներ որոշել են արգելք հանդիսանալ նրան, ինչ ցանկանում է ամբողջ ժողովուրդը»,-դժգոհում է 27-ամյա երեւանցի Խաչիկ Մարգարյանը:

«Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քաղաքական քայլարշավ ձեռնարկեց մարտի 31-ին՝ Հայաստանի 2-րդ եւ ամենաբողոքական քաղաքից՝ Գյումրիից՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով, եւ հասավ մինչեւ Երեւանի կենտրոնական հրապարակ: 42-ամյա հասարակ, ճաղատացող, առանձնակի խարիզմա չունեցող  տղամարդուց  Փաշինյանը վերածվեց զանգվածների սրտեր նվաճողի՝ դաշտային հրամանատարի բոլոր հատկանիշներով՝ արեւահարված դեմքով եւ խիտ մորուքով: Սակայն նա հայերին կոչ արեց դուրս գալ փողոցներ խաղաղ պայքարի համար՝ անդադար խոսելով սիրո եւ արժանապատվության մասին, հորդորելով քաղաքակիրթ եւ կառուցողական քաղաքացիական անհնազանդության»,-շարունակում է Դորմանը:

«Ռուսաստանի հետ հարաբերություններն այս ամբողջ ժամանակաշրջանում պնդերեսությամբ դուրս էին հանում ջրի երես՝ նյութականացնելով  մեծ հարեւանի ստվերը, որը քողարկված էր մնում հանրահավաքների ընթացքում, սակայն ազդեցություն էր գործում ուժերի հավասարակշռության վրա»:

«Հրապարակում, լսելով, թե նա ինչպես է շփոթեցնում «ծախված» պատգամավորներին, Նիկոլի մասին խոսում էին հիացմունքով եւ ակնածանքով»,-նշում է լրագրողը: «Նա ազգային հերոս է»,-ասում է ճարտարապետ Կարեն Դոլուխանյանը:

Քաղաքագետ Միքայել Զոլյանը նշում է. «Մարդիկ տեսան, որ նա կարող է տրանսֆորմացնել երկիրը մեկ ամսվա ընթացքում՝ անգամ նախարար չլինելով: Նա երբեք այդքան վստահության պաշար չի ունեցել: Սակայն նրան հաջողվեց դառնալ բողոքական հատվածի առաջնորդ: Դրան նպաստեցին մի քանի գործոններ: Սարգսյանը բոլորի համար ատելի դարձավ, երբ փորձեց իր կառավարումը ցմահ երկարաձգել: Եվ Փաշինյանը կարողացավ օգտվել անկայունության պահից այն շաբաթվա ընթացքում, երբ Սարգսյանն այլեւս նախագահ չէր, եւ դեռեւս վարչապետ էլ չէր դարձել»:

«Երկիրն ընկղմվել է քաղաքական ճգնաժամի մեջ, որի ելքը մայիսի 8-ին կայանալիք ԱԺ նիստի նոր քվեարկությունն է»:

«Քաղաքական ճգնաժամը  կարող է հարթվել միայն Փաշինյանի ընտրության դեպքում: Նախկին կառավարությունն իրավիճակը չի վերահսկում, իրական իշխանության կենտրոնը գտնվում է փողոցում՝ Նիկոլ Փաշինյանի հետ»,- կարծիք է հայտնել քաղաքագետ Զոլյանը:

 

Աղբյուր՝ Liberation 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝