Պուտինի 50 միլիարդանոց խաղերը եւ հատուկ ծառայությունների «կոկտեյլները»

20448733-6D51-4871-97CC-07CE9ED88154_cx0_cy2_cw0_w1023_r1_s

 «Չնայած դոպինգային սկանդալին՝ ռուսաստանցի մարզիկները կկարողանան մասնակցել Փխենչխանում կայանալիք օլիմպիադային»,- գրում է Sueddeutsche Zeitung-ի թղթակից Թոմաս Կիրստենը:

«Այն ռուսաստանցի մազիկները, ովքեր կմասնակցեն 2018թ.-ի ձմեռային օլիմպիադային, ստիպված կլինեն հրաժարվել ազգային դրոշից եւ հիմնից, սակայն Ռուսաստանին չեն զրկել խաղերին մասնակցելուց: Միջազգային օլիմպիական կոմիտեն չհամարձակվեց գնալ նման քայլի, որը պահանջում էր համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA): ՄՕԿ-ը սկզբունքորեն սխալ հաղորդագրություն է ուղարկում. այն է՝ դոպինգը համարվում է սարսափելի մեղք, որը պատժվում է ցմահ որակազրկմամբ, երբ խոսքը միայն որեւէ մարզիկի մասին է, իսկ սուտը՝ կազմակերպված պետական մակարդակով հատուկ ծառայությունների աջակցությամբ, այդքան էլ սարսափելի չէ»,-նշում է հեղինակը:

«Հենց դա էլ տեղի ունեցավ Սոչիում 2014թ.-ի ձմեռային օլիմպիադայի ժամանակ: Փաստաթղթերը եւ դոպինգ-թեստերը, վկաների ցուցմունքները եւ էլեկտրոնային հաղորդագրությունները, որոնք վերլուծել են WADA-ի փորձագետները, ապացուցում են, որ հազարավոր մարզիկներ դոպինգ են օգտագործել, հատուկ ծառայությունների աշխատակիցներն իրենք են խառնել անհրաժեշտ «կոկտեյլները», դրական դոպինգ-թեստերը փոխարինվել են բացասականով»:

«Ինչի՞ համար է այդ ամենը: Ռուսաստանի հավաքականը 2010թ.-ին Վանկուվերում տեղի ունեցած օլիմպիադայի 11-րդ տեղից հետո Սոչիում զբաղեցրեց 1-ին տեղը՝ երջանկացնելով Կրեմլին, որը 50 մլրդ դոլար էր ներդրել Սոչիի «ցնորքում»:

«Սոչիի օլիմպիադան դարձավ մեր ժամանակների ամենամեծ մարզական խաբեությունը: Եվ դրա համար Ռուսաստանը պետք է վճարեր հաջորդ խաղերին մասնակցելու արգելքով: Սակայն ի՞նչ է անում ՄՕԿ-ը: Կազմակերպության ղեկավար կազմը փորձում է գտնել բացառություններ կանոններում եւ սողանցքեր կանոնակարգերում: Ակնհայտ են Պուտինին ինչ-որ կերպ զիջումների գնալու ջանքերը՝ միեւնույն ժամանակ չհասցնելով օլիմպիական շարժման նկատմամբ վերջնական անվստահության: Ռուսաստանցի մարզիկները մասնակցելու են օլիմպիական խաղերին OAR-ի (Olympic Athlete from Russia)  կարգավիճակով, այսինքն «Ռուսաստանն» ամեն դեպքում շրջանառվելու է»,- ափսոսանք է հայտնում Կիրստենը:

«Հնարավոր է, որ նրանք, ովքեր Մոսկվայում որոշում են կայացնում, կշարունակեն համերկրացիներին հեքիաթներ պատմել գլոբալ հակառուսաստանյան դավադրության մասին, սեփական խարդախությունը խոստովանելու փոխարեն: Հնարավոր է՝ նրանք չեն օգտվի «կամրջից», որը նրանց առաջարկում է ՄՕԿ-ը: Եթե ՄՕԿ-ն ամեն ինչից բարձր դասեր արդար մրցակցության ոգին, ապա ոչ մի «կամուրջ» էլ պետք չէր թողնել»,- կարծում է հեղինակը:

Աղբյուր՝ Sueddeutsche Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝