Մակրոնը հասկանում է, որ իր 5-ամյա մանդատը շուտով փորձության է ենթարկվելու

754941607354558

«Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա կիրակի՝ մայիսի 14-ին: Սակայն երկուշաբթի օրվանից արդեն ընտրված նախագահը, գտնվելով Ելիսեյան պալատում նախագահ Ֆրանսուա Օլանդի կողքին, պայքարի մեջ է մտել խորհրդարանական ընտրությունների համար»,-շվեյցարական Le Temps-ում գրում է լրագրող Ռիշար Վերլին:

«Առաջին փուլը «Առաջ» շարժման փոխարինումն է, որը ստեղծվել է 2016թ.-ի ապրիլին եւ ունի ավելի քան 285 հազար անդամ, նոր քաղաքական ուժով՝ «Հանրապետությունը երթի մեջ» անունով, որի առաջնահերթ խնդիրն է ուղեկցել թեկնածուներին, ովքեր առաջադրվել են Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին 577 ընտրատարածքներում»:

«Ինչպես խոսք էր տվել Մակրոնը, թեկնածուների 50 տոկոսն ընտրված է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, իսկ 50 տոկոսը կկազմեն կանայք: Հեռացող սոցիալիստ կամ պահպանողական պատգամավորները, ովքեր միացել են էկոնոմիկայի նախկին նախարարին, կփորձեն հունիսի խորհրդարանական ընտրություններին ձեռք բերել բացարձակ մեծամասնություն»,- նշում է լրագրողը:

«66,1 տոկոս ձայներով հաղթելով նախագահական ընտրություններին՝ Մակրոնը հասկանում է, որ իր 5-ամյա մանդատը շուտով փորձության է ենթարկվելու,- կարծում է հոդվածի հեղինակը: -Նա նաեւ հասկանում է վարչապետի վերաբերյալ հայտարարության կարեւորությունը, որը նա պետք է անի պաշտոնական երդմնակալությունից առաջ»:

«Լուրեր են տարածվել, որ դա կարող է լինել Պրովանս Ալպեր Լազուրի երկրամասի ղեկավար Քրիստիան Էստրոզին՝ Սարկոզիի նախկին կողմնակիցը, ով հայտնել է իր հրաժարականի մասին: Վերջերս այդ ցուցակում ավելացել էին եւս երեք հավակնորդների անուններ, ովքեր ցանկանում են զբաղեցնել վարչապետի պաշտոնը. դա կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուն է՝ Մակրոնի հիմնական դաշնակիցը մինչեւ առաջին փուլը, Քսավյե Բերտրանը՝ «Հանրապետականներ» աջակողմյան կուսակցությունից, եւ հանրապետական Էդուար Ֆիլիպը՝ Ազգային ժողովի պատգամավորը, Հավր քաղաքի քաղաքապետը, Ալեն Ժյուպպեի դաշնակիցը: Նշվել է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայիս տնօրենի՝ Քրիստին Լագարդի անունը, սակայն նրա խորհրդարանական անփորձությունը կարող է անբարենպաստ գործոն լինել պայքարում»,- ենթադրում է Վերլին:

«Մակրոնը միշտ ասել է, որ ձգտում է կազմավորել 15 նախարարից բաղկացած համերաշխ թիմ, որպեսզի սկսի ղեկավարել պաշտոնին անցնելուց անմիջապես հետո՝ հավատարիմ մնալով իր խոստմանը քաղաքականության բարոյական նիշը բարձրացնելու վերաբերյալ: Դեռեւս հայտնի չէ որեւէ նախարարի անուն: Նրանցից շատերը կարող են լինել տեխնոկրատներ»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ Le Temps

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝