«Գոյություն ունի ԼՂՀ հակամարտության կարգավորման կոնկրետ սցենար». Ս. Տարասով

pashinyan aliev

Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումը, գրում է ռուսաստանցի քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Տարասովը:

Իր հոդվածում նա մասնավորապես նշում է. «Ինչպես պատմել է Փաշինյանը, կողմերը փոխանակվել են բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների վերաբերյալ կարծիքներով: Ըստ նրա՝ հանդիպումը տեւել է 1,5 ժամ, ինչն անգամ ամենահամեստ դիվանագիտական չափորոշիչներով քիչ չէ»:

«Դրանից առաջ Փարիզում տեղի ունեցան Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, որը տեւեց 4 ժամ:Բանակցողները չհրապարակեցին սկզբունքները, որոնց շուրջ կառուցվում է բանակցային բազան: Որոշ փորձագետներ վստահ են, որ խոսքը գնում է պետերբուրգյան համաձայնությունների իրացման մասին՝ ամրագրված 2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո, որոնք ենթադրում են հակամարտող կողմերի շփման գծում մոնիտորինգի համակարգերի ներդրում եւ այնտեղ միջազգային դիտորդների տեղակայում: Սակայն Դուշանբեում Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ բանավոր համաձայնությունից հետո ճակատային գծում լարվածությունը զգալիորեն նվազել է, ինչպես եւ պետերբուրգյան համաձայնությունների նշանակությունը: Ավելին, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, այն մասին, որ Փարիզում քննարկվել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցներ ձեռք առնելու հարցը, նաեւ տարածաշրջանի ներուժի իրացմանն ուղղված փոխշահավետ նախաձեռնությունների կարեւորությունը, ակնհայտ դարձավ, որ գոյություն ունի ԼՂՀ հակամարտության կարգավորման կոնկրետ սցենար եւ կողմերն առարկայական բանավեճ են տանում, հնարավոր է՝ առեւտուր»,-գրում է քաղաքագետը:

Ըստ նրա՝ Դավոսում Ալիեւը եւ Փաշինյանը դիրքորոշումներում որոշակի ճշգրտումներ են կատարում, որպեսզի առաջ մղեն բանակցային գործընթացն Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների փետրվարին կայանալիք հերթական հանդիպմանը:

Տարասովը շարունակում է. «Այնուհետ կարող է հետեւել Ալիեւ-Փաշինյան պաշտոնական գագաթնաժողովը, որն անպատճառ պետք է ավարտվի ինչ-որ կոնկրետ, բայց եւ այնպես միջանկյալ համաձայնագրի ստորագրմամբ: Պարզ է եւ այն, որ Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն չի պահպանվի: Բաքուն եւ Երեւանը, շրջանցելով Ստեփանակերտին, գնում են փոխադարձ, իրենց պատկերացրած փոխզիջումների: Պարզ է, որ տվյալ փուլում Ադրբեջանն ակնկալում է տարածքների մի մասի վերադարձ իր վերահսկողության տակ, հակառակ դեպքում դժվար թե Հայաստանին այդպես սեղմեր իր «դիվանագիտական գրկախառնությունների» մեջ:  Չէ որ տարածքային ամբողջականության սկզբունքից ցանկացած նահանջ անխուսափելիորեն կբերի Բաքվում Ալիեւի հեղինակության եւ անգամ լեգիտիմության լուրջ կորստի»:

Ըստ Տարասովի՝ Ստեփանակերտի կարգավիճակը, ինչպես նաեւ որպես հակամարտության կողմ բանակցություններում նրա մասնակցությունը, ինչի մասին նախկինում հայտարարում էր Փաշինյանը, այժմ չի դիտարկվում արդեն հենց Երեւանի կողմից:

«Գործընթացի տրամաբանությունը, որի մեջ ներքաշված է Փաշինյանը, արդեն նրան թելադրում է որոշակի աստիճանական փուլային գործողություններ ղարաբաղյան ուղղությամբ: Պարզ չէ միայն այն, թե ինչ զիջումների է պատրաստ Բաքուն: Եվ դա առաջինը: Երկրորդ՝ բոլոր նախանշաններով՝ Ադրբեջանն իր «պարտիան» առաջ է տանում Թուրքիայի հետ՝ Հայաստանի համար պատրաստելով փաթեթային համաձայնագիր: Օրերս Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, ելույթ ուենալով ուսանողների առաջ, «հանկարծ» հիշեց Հայաստանի մասին՝ պնդելով, որ 2019թ.-ին ղարաբաղյան հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերում իրենք ավելի հետեւողական կլինեն»:

«Մինչ Բաքուն եւ Երեւանը «ժողովուրդներին պատրաստում են խաղաղության», Անկարան ձեռնամուխ է եղել փաստացի իրագործմանը: Հետեւաբար, կասկած չպետք է լինի, որ Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ ղարաբաղյան հակամարտության հարցում համաձայնության հասնելու դեպքում, հաջորդ քայլը կլինի 2009թ.-ին ստորագրված Ցյուրիխյան փաստաթղթերի վավերացումը թուրքական խորհրդարանի կողմից, որը ենթադրում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում եւ սահմանների բացում, ինչը կհանգեցնի Անդրկովկասում ու Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական դասավորվածության լուրջ փոփոխության: Երեւանը կհայտնվի սեղմված վիճակում Բաքվի եւ Անկարայի արանքում, ղարաբաղյան ուղղությամբ Հայաստանի մանեւրելու բոլոր հնարավորությունները հեշտությամբ կհամահարթեցվեն»:

«Ադրբեջանը ձգտում է հակամարտության արագ կարգավորմանն ակնհայտ պատճառներով՝ կապված իր անվտանգության հետ: Սեփական սահմանների երկայնքով Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները Բաքվի համար ուղղակի սպառնալիք են հանդիսանում հարավից, եւ կարող են ամրապնդել ոչ թե Թուրքիայի, այլ Ռուսաստանի դերը: Իսկ ու՞ր է շտապում Երեւանը: Երկրի նախորդ իշխանությունը կասկածի տակ չէր առնում Ռուսաստանի հետ  դաշնային քաղաքականությունը, իսկ Հայաստանի նոր ղեկավարությունը հավասարակշռություն է պահպանում՝ համարելով, որ Լեռնային Ղարաբաղն իր համար աքիլեսյան գարշապար է հանդիսանում, որն անհրաժեշտ է բուժել, բայց այնպես, որ երկրի ներսում կտրուկ հասարակական վրդովմունք չառաջացնի»,- գրում է Ստանիսլավ Տարասովը:

Աղբյուր՝ Ռեգնում

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝