«Մամեդյարովն ու Մնացականյանը Փարիզում անցկացրել են բանակցություններ բանակցությունների մասին». Ս. Տարասով

721920okk

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ կողմերը, ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:

Հանդիպման վերաբերյալ իր տեսակետն է հայտնել քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Տարասովը: «Մամեդյարովն ու Մնացականյանը Փարիզում անցկացրել են բանակցություններ բանակցությունների մասին» հոդվածում Տարասովն ընդգծել է, որ աչքի են ընկնում մի շարք կարևոր առանձնահատկություններ, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունները գրեթե  նույնանման դրական հայտարարությամբ են հանդես եկել, ինչը,  ըստ փորձագետի, վկայում է այն մասին, որ կողմերը համաձայնեցրել են հայտարարության տեքստը:

Никол Пашинян и Ильхам Алиев

Բացի այդ, առաջին անգամ պաշտոնապես հայտարարվում է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին: Տարասովը նշել է, որ աչքի է ընկնում նաև Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում նախանշված է «հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը»: Փորձագետը կարևորեց նաև հակամարտության կողմերի միջև քաղաքական փոխվստահության առաջացումը:

Ս. Տարասովը, սակայն, նշել է, որ Փարիզում տեղի ունեցած հանդիպումը նաև մի շարք գաղտնիքներ է պարունակում: Այսպես, օրինակ, անհասկանալի է՝ ինչու չեն ներկայացվում բազմաժամանոց քննարկման մանրամասները, և արդյոք դա պայմանավորված չէ նրանով, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն վախենում են որոշ քաղաքական գործիչների և փորձագետների քննադատությունից: Եվ ինչպե՞ս են պատկերացնում ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու գործընթացը: Անհասկանալի է նաև, թե որոնք են այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է բանակցային գործընթացը, և նախատեսվա՞ծ է արդյոք, որ բանակցություններին միանալու է նաև Ստեփանակերտը: Այս և մի շաքր այլ հարցեր, ըստ փորձագետի, մնում են անհայտ:

Նինա Մարգարյան

Դիտվել է՝