Պուտինը «սեւ օրվա» համար միջոցներ է կուտակում եւ խուսափում ռիսկային բարեփոխումներից

новый коллаж

«Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները տնտեսական թիրախային հարվածներից վերափոխվել է բազմամյա հյուծիչ պատերազմի»,- The Washington Post-ում գրում է լրագրող Անտոն Տրոյանովսկին:

«Պատժամիջոցներն արդեն խարխլում են Ռուսաստանի տնտեսական երկարաժամկետ հեռանկարները, սակայն փաստ չէ, որ մոտ ապագայում այնպիսի ճգնաժամ կլինի, որը լուրջ ազդեցություն կգործի ռուսաստանյան քաղաքականության վրա»:

«Պատժամիջոցները չեն խախտել երկրի մակրոտնտեսական կայունությունը, սակայն դրանք արգելակում են զարգացման ընթացքը»,-նշել է փորձագետ Ալեքսանդր Աբրամովը:

«Ռուսաստանի տնտեսական աճը կասեցվել է, միջին խավը զրկվել է բարեկեցությունից եւ հնարավորություններից: Սակայն գործազրկության ցածր մակարդակի եւ արժեզրկման զսպման պայմաններում պատժամիջոցներն առայժմ շատ քիչ են նպաստել երկրի տնտեսական արմատական անկայունության հաստատմանը: Միեւնույն ժամանակ Պուտինի կառավարությունը «սեւ օրվա» համար թանկացող նավթի վաճառքից գոյացած միջոցներ է կուտակում եւ խուսափում ռիսկային բարեփոխումներից : Ռուսաստանի ոսկու պաշարների արժեքը հասել է մոտ 80 մլրդ դոլարի, ինչը 2 անգամ ավելի է 2013թ.-ի ցուցանիշից»,-գրում է հեղինակը:       

«Լոնդոնի հետազոտական IHS Markit ընկերության ավագ մասնագետ Լիլիթ Գեւորգյանի հաշվարկով՝ պատժամիջոցները տարեկան կտրվածքով կհանգեցնեն ռուսաստանյան տնտեսության շարժի 0,2%-ոց նվազման՝ բիզնեսի հնարավորությունների, ներդրումների եւ մոդեռնիզացիայի սահմանափակման հետեւանքով: Կարճաժամկետ հեռանկարում, ըստ Գեւորգյանի, պատժամիջոցները դրական կողմ ունեն, քանի որ ՌԴ ռուբլու արժեզրկումը նպաստում է արտահանմանը եւ դոլարով վաճառք իրականացնող ընկերությունների գործունեությանը»:

«Ֆինանսական պատժամիջոցներն աշխատում են, բայց դա երկարատեւ գործընթաց է: Ռուսաստանցիները պետք է տեսնեն, որ Պուտինի արտաքին քաղաքականությունը փակուղի է տանում»,-հայտնել է տնտեսագետ, Ալեքսեյ Նավալնիի խորհրդական  Վլադիմիր Միլովը:  

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝