ՌԴ-ում քաղբանտարկյալը մահանում է սովից. հարցեր՝ ուղղված Պուտինին

image

«Ղրիմի բռնակցումից 4 տարի հետո այդ հանցագործությունը եւ դրա զոհերը քիչ ուշադրություն են գրավում, սակայն խիզախ ակտիվիստ եւ ռեժիսոր Օլեգ Սենցովը լի է այդ ամենը շտկելու վճռականությամբ»,-գրում է The Washington Post հանդեսը:

«Սենցովը, ով գտնվում է սիբիրյան կալանավայրում, մայիսի 14-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով 64 ուկրաինացի քաղբանտարկյալների ազատ արձակումը: Փաստաբանի խոսքերով՝ նա այս ընթացքում խիստ նիհարել է եւ կենսական կարեւորության օրգանների չգործելու վտանգ կա»:

«Եթե հացադուլը շարունակվի, նա կարող է մահանալ ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնության ժամանակ, որն անցկացվելու է Ռուսաստանում: Վլադիմիր Պուտինի ռեժիմին պետք է ամոթանք տալ, որպեսզի ազատ արձակեն Սենցովին՝ մինչ տեղի կունենա այդ ողբերգությունը»,-նշվում է հոդվածում:

«Երկրները, որոնք Ռուսաստան կուղարկեն իրենց ազգային հավաքականներին եւ երկրպագուներին, Պուտինին վարկ եւ հեղինակություն կբերեն՝ ի հեճուկս այս պատմության եւ այն փաստի, որ նրա վարչախումբն իր մարզիկներին դոպինգ էր հատկացրել: Նրանց քաղաքական առաջնորդներն առնվազն պետք է պնդեն, որ Պուտինն ազատ արձակի Սենցովին եւ մյուս ուկրաինացի բանտարկյալներին»:

«Ուկրաինան գերիների փոխանակման իր գաղափարն է առաջ քաշել, ըստ որի առաջարկվում է Ուկրաինայում հանցագործություն կատարած 23 ռուսաստանցիներին փոխանակել Սենցովի եւ մի քանի այլ բանտարկյալների հետ: Պուտինն իմաստուն կգտնվեր, եթե ընդուներ այդ առաջարկը, այլապես կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ նրանից բացատրություն պահանջեն, թե ինչու մահացավ այն մարդը, ում ընդհանրապես չպետք է տեղափոխեին Ռուսաստան եւ այնտեղ բանտ նստեցնեին»,-եզրափակում է ամերիկյան պարբերականը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝