«Կանադան պետք է զգուշանա ռուսաստանյան միջամտությունից». Ջեյմս Քոմի

komi-jems--1024x682

«Կանադան, ինչպես աշխարհի շատ այլ ժողովրդավարական երկրներ, պետք է մտահոգված լինի ընտրական գործընթացի վրա ռուսաստանյան ազդեցության սպառնալիքով: Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին»,-կանադական La Presse պարբերականում գրում է Ջենիս Դիքսոնը: 

«Ջեյմս Քոմին ղեկավարել է 2016թ.-ի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով հետաքննությունը, այնուհետ պաշտոնանկ արվել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Օտտավայում անցկացված համաժողովի ժամանակ նա հայտարարել է, որ ռուսները պատրաստ են դա կրկին անել»:  

«Ժողովրդավարության հանդեպ ԱՄՆ-ի քաղաքացիների վստահության հիմքերի խարխլման միջոցները եղել են ծանրակշիռ եւ բավականին հաջող»,-ասել է Քոմին:

«Ռուսաստանյան միջամտության առիթով մտահոգությունները քննարկման առարկա կդառնան G7-ի գագաթաժողովում, որը կանցկացվի Շառլեւուա շրջանում: ՆԱՏՕ-ի գիտաշխատողներից մեկը հայտնել է, որ Կանադան պետք է համակերպվի այն մտքի հետ, որ Ռուսաստանը կփորձի միջամտել 2019թ.-ի դաշնային ընտրություններին, քանի որ Կրեմլը ցանկություն ունի թուլացնել ռազմական դաշինքը»,-նշվում է հոդվածում:

ՆԱՏՕ-ի փորձագետ Ջենիս Սթարսի համոզմամբ՝ Կանադան բնական թիրախ է հանդիսանում: «Ռուսաստանը հետաքրքրված է Կանադայով, քանի որ դա կարող է ազդել Եվրոպայում նրա գործերի վրա, ինչը թույլ կտար Պուտինին տպավորություն ստեղծել, որ մյուս երկրները վախենում են Ռուսաստանից»,-ընդգծել է Սթարսը:

Աղբյուր՝  La Presse

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝