Ռուսաստանի հանդեպ Թրամփի նոր կոշտ ուղեգիծն ավելացնում է ռիսկերը

545730_1_trump_donald_big

«Կտրուկ փոխելով տոնայնությունը՝ Դոնալդ Թրամփը ավելացրեց ճնշումը Ռուսաստանի վրա»,-գրում է Financial Times հանդեսը:

«Նախորդ շաբաթ Սպիտակ տունը հրապարակեց Ռուսաստանի նկատմամբ իր ամենակոշտ պատժամիջոցների ցուցակը: Այս շաբաթ Թրամփը սոցցանցի միջոցով գրոհեց Պուտինի վրա՝ Բաշար Ասադին աջակցելու համար, եւ խորհուրդ տվեց Սիրիայում ռուսաստանյան զորքերին պատրաստվել ամերիկյան հրթիռների հարվածներին»:

«Թրամփի հռետորաբանությունը կարող էր նրան հնարավորություն տալ «միավորներ վաստակել» սեփական տանը, որտեղ նրան դեռեւս հետապնդում են 2016թ.-ի ընտրարշավի ժամանակ Ռուսաստանի հետ հնարավոր կապերի հարցերով: Սակայն որոշ փորձագետներ նախազգուշացնում են, որ նախագահը վտանգավոր խաղ է տանում՝ ռիսկի դիմելով երկու երկրների միջեւ ռազմական հակամարտությամբ»,-նշվում է հոդվածում: 

«Ես երբեք չէի մտածում, որ մենք կհասնենք այն աստիճանի, որ կսկսենք Խրուշչովի նման սեղանի վրա կոշիկով թխթխկացնել, սակայն դա տեղի ունեցավ եւ կարող է մեզ վնաս հասցնել»,-կարծիք է հայտնել Օբամայի աշխատակազմի ներկայացուցիչ, նախկին դեսպան Դենիել Ֆրայդը:  

««Ռուսաստան, վախեցի՛ր, շուտով կթռչեն իմ հրթիռները» ոգով հայտարարությունն ուժի կիրառման մասին խոսելու բացարձակ սխալ միջոց է, հատկապես Սիրիայում հսկայական ռազմական ներկայություն ունեցող պետության հետ»,- նշել է փորձագետ Էնդրյու Վեյսը:

«Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք շատ լուրջ իրադրության հետ: Ես վստահ եմ, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում խոշոր միջուկային հակամարտություն: Մենք պատմությունից գիտենք, որ երբ սկսվում է պատերազմը, շատ դժվար է վերահսկել դիմակայության էսկալացիան»,-կարծիք է հայտնել Center for the National Interest-ի նախագահ Դմիտրի Սայմսը:

«Ամերիկյան աշխատակազմի որոշ անդամներ ենթադրում են, որ Թրամփը դեռես կարծում է, թե կկարողանա համագործակցել Ռուսաստանի հետ: Ոմանք պնդում են, որ նրա ներկայիս ռազմավարության նպատակը Ռուսաստանին վնաս հասցնելն է՝ ստիպելով Մոսկվային գիտակցել, որ հարկ եղած դեպքում արեւմտյան համակարգված հակահարված կստանա»,-գրում է պարբերականը: 

Աղբյուր՝ Financial Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝