Ռուսաստանյան շուկաները պատժամիջոցներից հետո ցնցումների մեջ են

vladimir-putin-igor-sechin

«Ռուսաստանն Արեւմուտքի հետ առճակատման համար իր պատիժը ստացավ ֆինանսական շուկաներում»,-գրում է լրագրող Մեթ Ֆիլիպսը The New York Times-ում:

«Ներդրողները ձերբազատվեցին բաժնետոմսերից, փոխառության տոմսերից եւ ռուբլուց՝ ամերիկյան նոր պատժամիջոցների եւ նախագահներ Թրամփի ու Պուտինի հարաբերություններում առաջացած ճեղքվածքների նշանների համատեքստում»:

«Կուտակային ազդեցությունը կայանում է նրանում, որ ռուսաստանյան ընկերությունների եւ սպառողների համար առնվազն թեթեւակիորեն կաճի կյանքի գինը: Ռուսաստանյան շուկաների համար դա ամենավատ օրերից մեկն էր՝ 2014թ.-ին Ղրիմի անեքսիայից հետո, եւ «շեշտակի նահանջը» երեւան հանեց տարրական մի փաստ. թեեւ միջազգային քաղաքական ասպարեզում Պուտինը կարողացավ իր երկիրը ներկայացնել ուժի դիրքերից, որին հարկ է հաշվի առնել, նա գտնվում է տնտեսական մեկուսացման մեջ եւ բախվում է իր երկարաժամկետ  բարգավաճման համար առաջացող ռիսկերի հետ»,-նշվում է հոդվածում:

Ֆիլիպսն ընդգծում է. «Ենթադրվում է, որ ռուսաստանյան տնտեսության եւ Պուտինի համար լուրջ սպառնալիք չի առաջանա, քանի դեռ նավթի գները  (վերջին տարում աճել են մոտ 25%-ով) մնում են համեմատաբար բարձր»: 

«Մարտի վերջին ԱՄՆ-ը միացավ ԵՄ երկրներին՝ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո արտաքսելով ռուսաստանցի դիվանագետներին: Օրերս ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կիրառեց 7 մեծահարուստ ռուսաստանցիների եւ 17 պետական ծառայողների նկատմամբ: Այնուհետ, Սիրիայում քիմիական հարձակումից հետո, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհեր եղան, Թրամփը կոշտ քննադատության ենթարկեց Պուտինին այն բանի համար, որ նա աջակցում է սիրիացի նախագահ Ասադին»:

«Թվում է, թե մեկ թվիթը մանրուք է, սակայն դա ներդրողների համար ահազանգ եղավ, որ Ռուսաստանի համար հետագա պատժամիջոցների վտանգը, հավանաբար, պահպանվում է»,-եզրափակում է հոդվածագիրը:

 

Աղբյուր՝  The New York Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝