Ում եւ որքան վնաս կարող են պատճառել ամերիկյան պատժամիջոցները

27DERIPASKA2-master675

«ԱՄՆ-ի աշխատակազմի նոր պատժամիջոցները թիրախավորել են Պուտինի շրջապատի միլիարդատերերին: Այդ դիվային հորձանուտում կարող են ներքաշվել նաեւ ոչ ամերիկյան ընկերությունները, որոնք գործեր են վարում ռուսաստանցի գործարարների հետ»,- Die Presse-ում գրում է Կարլ Գաուլհոֆերը:

«Հաճախ կարելի է լսել, որ պատժամիջոցներն ընդամենը «թատերական շանթ ու որոտ» են: Սակայն, երբ Լոնդոնի, Հոնկոնգի եւ Մոսկվայի բիրժաներում 3 խոշոր արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերը րոպեների ընթացքում արժեզրկվում են 20%-ով, խոսքն արդեն խորհրդանշական ժեստերի մասին չի գնում»,-նշում է հոդվածագիրը՝ նկատի ունենալով Սպիտակ տան սահմանած հակառուսաստանյան պատժամիջոցները, որոնք առաջին անգամ ուղղակիորեն վնաս հասցրեցին Պուտինի մերձակա շրջապատի օլիգարխներին:

«Հարվածն առաջին հերթին ազդեցություն գործեց  Օլեգ Դերիպասկայի վրա: «Ալյումինային մագնատը» տնօրինում է պատժամիջոցների ցուցակում հայտնված 12 ընկերություններից 8-ի բաժնեմասերը: Պատժամիջոցները ցավոտ վնաս կպատճառեն նաեւ Ավստրիային. Դերիպասկան նաեւ ավստրիական շինարարական Strabag  կոնցեռնի բաժնետեր է հանդիսանում»:

«ԱՄՆ-ը ոչ միայն սառեցնում է պատժամիջոցների ցուցակում հայտնվածների հաշիվները, այլեւ բոլոր ամերիկացիների եւ ամերիկյան ընկերությունների համար կոմերցիոն հարաբերությունների արգելք է սահմանում: Դա ցուցակի գործող անձանց համար փակում է ամերիկյան շուկաներ տանող ուղիները: «Ռուսալ»-ի համար, որի բաժնետոմսերի 48%-ը գտնվում է Դերիպասկայի ձեռքում, խոստումնալից որեւէ բան չկա: Ալյումինային հսկայի ընդհանուր շրջանառության շուրջ 10%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին»:  

«Նոր պատժամիջոցները թիրախավորում են նաեւ մյուս օտարերկրացիներին, ովքեր ցուցակում հայտնված ռուսաստանցի մագնատների հետ գործեր են վարում: Ամերիկացիները նրանց հետ բիզնես կապեր չեն կարող հաստատել, քանի որ նրանց տուգանքներ եւ բանտարկություն կսպառնա»,-նշվում է հոդվածում:

«Այդ դամոկլյան սուրը կախված է շատերի գլխին՝ ներդրողների, պատվիրատուների եւ մատակարարների: Ամերիկացիների քայլը գլուխկոտրուկ է դարձել նաեւ գերմանական VW ավտոարտադրող կոնցեռնի համար, որը Դերիպասկայի կայսրության կազմում գտնվող «ԳԱԶ» ավտոկոնցեռնի հետ ընդհանուր ձեռնարկություն ունի: «Ռուսալ»-ի հիմնական պատվիրատուներից են Toyota ընկերությունը եւ շվեյցարական հումքային Glencore կոնցեռնը»:

«Ռուսաստանյան ընկերությունների առջեւ ճակատագրական հարց է ծառացել: Եթե ամերիկացի ներդրողները սկսեն վաճառել ռուսաստանյան պարտատոմսերը, ապա փոխարժեքը կփլուզվի եւ պարտքը կաճի: Այդ դեպքում ընկերությունները կբախվեն ֆինանսական խնդիրների հետ եւ կարող են ավելի շատ կորուստներ կրել»:

«Դերիպասկան Վաշինգտոնի հատուցողական հարվածի առաջին «կամայական զոհն» է: Նրան կհետեւեն մյուսները: Վաշինգտոնի նպատակակետը «ռուսաստանցի օլիգարխների էլիտան» է, որը հանդիսանում է ռուսաստանյան ամբողջ կոռումպացված համակարգի բենեֆիցիարը: Արդեն այսօր ցուցակում նշմարելի է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Կոնցեռնի դեմ, որի մասնաբաժինը տնօրինում է նաեւ պետությունը, առայժմ ուղղակիորեն պատժամիջոցներ չեն կիրառվել: Նույնը վերաբերում է նաեւ ВТБ բանկին: Պատժամիջոցների ցուցակում է հայտնվել այդ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը»,-եզրափակում է հոդվածագիրը:

 

Աղբյուր՝ Die Presse

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝