Ռուսաստանը Բալթիկ ծովում հրթիռներ է փորձարկել Թրամփի եւ բալթյան երկրների ղեկավարների հանդիպումից հետո

1444569931_28-3132920-img-1844

«Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Բալթիկ ծովում՝ ՆԱՏՕ-ի տարածքային ջրերի անմիջական հարեւանությամբ: Լատվիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան դա կոչել է «ուժի ցուցադրություն» նախագահ Թրամփի եւ բալթյան 3 երկրների առաջնորդների հանդիպումից մեկ օր անց»,-գրում է The Washington Post հանդեսը:

«Հրթիռների եռօրյա փորձարկման պատճառով փակվել է Լատվիայի օդային տարածքը, եւ սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը զինտեխնիկայի փորձարկում է իրականացնում Լատվիայի էքսկլյուզիվ տնտեսական գոտում»,- հայտնում է հոդվածագիր Մայքլ Բիրնբաումը:

«Մեզ մտահոգում է այն, որ առաջին անգամ նրանք զորավարժություն են անցկացնում մեր սահմանին այդքան մոտ»,-նշել է Լատվիայի ՊՆ պետական քարտուղար Յանիս Գարիզոնսը:   

«ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենք իրենց են վախեցնում գոյություն չունեցող ռուսաստանյան սպառնալիքով, իսկ հետո պարբերաբար ավելացնում են ռազմական ներուժը»

«Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի առաջնորդներն օրերս Սպիտակ տանը հանդիպեցին Թրամփի հետ: Գարիզոնսը նշել է, որ ինքը զգուշանում է ռուսաստանյան զորավարժություններն ուղղակիորեն կապել Սպիտակ տանը կայացած հանդիպման հետ: Ըստ նրա, դա կարելի է կապել շատ այլ երեւույթների հետ, օրինակ, Սոլսբերիում տեղի ունեցած հարձակման»:

«Բալթիկ ծովում ռուսաստանյան ռազմածովային ուժերի նախորդ գործողությունները նույնպես քաղաքական ազդակ հղելու նպատակ ունեին: 2015թ.-ի գարնանը զորավարժությունների շարքը  խափանեց Լիտվան եւ Շվեդիան իրար միացնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման ստորջրյա գծերի անցկացումը: Դրա նպատակը Լիտվային էլեկտրականության առումով Ռուսաստանից եւ Բելառուսից առավել քիչ կախյալ դարձնելն էր: Վերջնարդյունքում, սակայն, ծրագիրն ավարտին հասցվեց»,-եզրափակում է ամերիկյան պարբերականը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝