Վարչապետի դաշնակցի ձերբակալությունը Կրեմլում իշխանության համար պայքարի մի մասն է

f5f21d9d

«Վերլուծաբանները կարծում են, որ ՌԴ վարչապետի թիմի հետ կապեր ունեցող մագնատի ձերբակալությունը, հնարավոր է, կառավարությունում փոխատեղումներից առաջ քաղաքական կլանների երկպառակության նշան է»,-գրում է Թոմ Փարֆիթը The Times հանդեսում:

Հեղինակը հայտնում է, որ Զիյավուդին Մագոմեդովն ուսանողական տարիներին ընկերություն է արել Արկադի Դվորկովիչի հետ, ով այժմ փոխվարչապետն է եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի վստահելի մտերիմ անձը:

«Մեդվեդեւը համարվում է նախագահ Պուտինի հավատարիմ դաշնակիցը: Սակայն նրա պաշտոնը կարող է հայտնվել սպառնալիքի տակ, երբ նախագահի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալությունից առաջ քաղաքական էլիտայի մրցակցող խմբակցությունները պայքարում են ազդեցության համար: Սպասվում է, որ պայքարը կսրվի, քանի որ Պուտինը փնտրում է հետնորդի, ով կփոխարինի իրեն 2024թ.-ին»,-գրում է Փարֆիթը:

Հոդվածագիրը պնդում է, որ Մագոմեդովը նախկինում կոնֆլիկտ է ունեցել Իգոր Սեչինի հետ: 

«Իհարկե, երբ Դվորկովիչի եւ Մեդվեդեւի հետ կապեր ունեցող անձանց նկատմամբ ակտիվություն են ցուցաբերում իրավապահ մարմինները, ընդ որում ընդգծված կոշտ ձեւերով, դա հրապարակային ազդեցություն է թողնում կադրային որոշումների վրա: Եվ հասկանալի է, որ սա իմիջային հարված էր վարչապետին. թեեւ Մեդվեդեւի վերանշանակումը համարվում է բազային, հնարավոր է, այլ էլիտար խմբեր այդ հարցում ուրիշ տեսակետ ունեն»,-ընդգծել է քաղաքական վերլուծաբան Եվգենի Մինչենկոն:

Իսկ վերլուծաբան Միխայիլ Վինոգրադովն այդ ձերբակալությունն անվանել է թեստավորում Մեդվեդեւի համար: «Վարկածներից մեկի համաձայն, Մագոմեդովի դեմ գործում է Սեչինը»,-գրում է հեղինակը: 

Իր հերթին, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «քաղաքագիտական դատափետություն» է անվանել այն ենթադրությունը, որ Մագոմեդովի ձերբակալությունն իշխանության համար պայքարի մի մասն է:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝