Ո՞րն է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի լավագույն համաչափ պատասխանը Ռուսաստանին

nooor

The Washington Post-ի էջերում մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի եւ եւս 27 երկրների որոշումը՝ արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին,   Atlantic Council-ի ավագ գիտաշխատող Անդերս Ասլունդը գրում է, որ դրան ի պատասխան նախագահ Պուտինն ընդամենը կարող է անտարբեր ուսերը թոթվել:

«Լավ կլիներ ճնշում գործադրել Արեւմուտքում կրեմլյան փողերի վրա, իսկ սկզբի համար գլուխ հանել անանուն սեփականության հարցից: Արեւմուտքը պետք է ձեռնամուխ լինի գումարների ծագումը բացահայտելու գործին, որոնք Պուտինի վարչակազմը փոխադրել է այստեղ»,-նշում է փորձագետը:

«Պուտինը եւ նրա ընկերները հսկայական կարողություն են դիզել ոչ թե նրա համար, որ օգտվեն դրանից, այլ ավելի շուտ Ռուսաստանում իշխանությունը պահպանելու նպատակով: Ծաղրը այն է, որ Ռուսաստանում թուլացնելով սեփականության իրավունքի հիմքերը, նրանք, ինչպես մյուս ռուսաստանցիները, իրենց կապիտալները կարող են պահել միայն արտասահմանում, այն երկրներում, որտեղ գերիշխում է օրենքի գերակայությունը, որտեղ թույլատրված է անանուն սեփականությունը, իսկ ֆինանսական միջավայրը բավականին ընդարձակ է, որպեսզի ներգրավի նրանց հսկայական կապիտալները»,-ընդգծում է հոդվածագիրը:

«Միայն 2 երկիր՝ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կարող են պատսպարել ռուսաստանցիների օֆշորային հարստությունների մեծ մասը, քանի որ թույլատրում են անշարժ գույքի մեջ մեծածավալ անանուն ներդրումները»:

«29 երկրներ արդեն պահանջում են ամբողջությամբ բացահայտել սեփականատերերի մասին տեղեկատվությունը: Իսկ ի՞նչ է անում Մեծ Բրիտանիան: Թերեզա Մեյը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում այդ հարցի նկատմամբ անգամ Սոլսբերիում նյարդա-պարալիզացնող նյութի կիրառումից հետո»,-քննադատում է Ասլունդը:

«Մեծ Բրիտանիայի եւ Ամերիկայի լավագույն համաչափ պատասխանը պատերազմ մղելու կրեմլյան հիբրիդային միջոցներին կլիներ այդ երկրներում Պուտինի եւ պատժամիջոցների ցուցակում տեղ գտած նրա ընկերների ունեցվածքի հայտնաբերումը եւ դրանց սառեցումը»,-եզրափակում է փորձագետը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝