ՆԱՏՕ-ն զորքերի թիվն ավելացնում է՝ ռուսաստանյան սպառնալիքին դիմակայելու համար

58efb0ee5124c970720c39cc-750-500

«Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության դեպքում արագ արձագանքման պատրաստ կլինեն ընդամենը մի քանի հազար եվրոպացի զինվորականներ, եւ ԱՄՆ-ը ցանկանում է բարձրացնել ՆԱՏՕ-ի ռազմական պատրաստվածության մակարդակը, հոգ տանել, որ թեժ կետերում 30 օրվա ընթացքում հայտնվեն առնվազն 30 հզր զինծառայողներ, նաեւ լրացուցիչ ինքնաթիռներ եւ նավեր»,- The Wall Street Journal հանդեսում գրում է Ջուլիան Բարնսը:

«Ռուսաստանյան սպառնալիքին դիմագրավելու համար դաշնակիցների մարտական պատրաստվածության ամրապնդումը դարձել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի առաջնային նպատակը»,-նշում է հոդվածագիրը:   

«ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները քննարկում են այդ հարցը: ԱՄՆ-ի դիրքորոշումը համընդհանուր հավանության է արժանանում, եւ դաշնակիցները հուսով են, որ համաձայնության կհասնեն մինչեւ հուլիսին կայանալիք գագաթաժողովը: ԱՄՆ-ի առաջարկը նախատեսում է, որ դաշինքն ունենա տեղակայման պատրաստ 30 գումարտակ, 30 կործանիչ էսկադրիլիա եւ 30 ռազմածովային նավախումբ, այսինքն, մոտավորապես 30 հզր զինծառայող եւ ավելի քան 360 կործանիչ»:

«Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի ծրագրով նախատեսվում էր 10 օրվա ընթացքում Եվրոպա փոխադրել ամերիկյան տասնյակ դիվիզիաներ՝ շուրջ 200 հզր զինծառայողներ: Նոր առաջարկում շեշտը դրվում է եվրոպացի դաշնակիցների մոբիլիզացիայի կարողությունների վրա»:

«Նախորդ տարի ՆԱՏՕ-ն Լեհաստանում եւ բալթյան երկրներում՝ Ռուսաստանի սահմանների մոտ, տեղակայել է 4,6 հզր զինծառայողների: Դաշինքն առաջավոր ուժերի կազմում ունի եւս 5 հզր զինվորական, ովքեր 10 օրվա ընթացքում կարող են օգնության հասնել նրանց»:

«Այդ զորքերին անհրաժեշտ է մարտի պատրաստ 30 գումարտակի աջակցություն: Ուժերի զորացումը կարեւոր բաղկացուցիչ է, եւ ակնհայտ է, որ այն դեռեւս թույլ է, քան պահանջվում է»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:   

 «ՆԱՏՕ-ի զորացված ուժերը կծավալվեն այն դեպքում, եթե Մոսկվան ձեռնարկի ՆԱՏՕ-ի դաշնակցի տարածքի սողացող անեքսիա: Դաշինքի համար մղձավանջային սցենար կլինի, եթե հարձակումը տեղի ունենա այն պահին, երբ ԱՄՆ-ի ուժերը զբաղված լինեն ասիական ճգնաժամով»,-շարունակում է հեղինակը:

«Նախկին եւ գործող պաշտոնյաները պնդում են, որ դժվար է գտնել եվրոպական որեւէ դաշնակցի, որը մարտական պատրաստվածության առումով խնդիրներ չունի: Հունաստանը եւ Թուրքիան  մեծ բանակներ ունեն, սակայն դրանք սեփական տարածաշրջանից դուրս գտնվող թեժ կետերում ծավալվելու պատրաստվածություն չունեն: Առավել փոքր զինված ուժերը, մասնավորապես, բելգիականը եւ ռումինականը, կրճատել են իրենց ցամաքային զորքերի թվաքանակը»: 

«ՆԱՏՕ-ի առավել մեծ եւ հուսալի դաշնակիցները եւս խնդիրներ ունեն: Լավ պատրաստված եւ սպառազինված ֆրանսիական ուժերը ծանրաբեռնված են Աֆրիկայում: Գերմանական բանակը որոշ անհրաժեշտ սարքավորումների պակաս ունի: Բրիտանական ցամաքային ուժերի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կան, թեեւ Մեծ Բրիտանիան 2 նոր ավիակիր է գործարկում»,- գրում է Ջուլիան Բարնսը:

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝