Պուտինը չի կարող զգալ Ռուսաստանի ցավը

1522130897_putin_6

«Նա, ով խորհուրդ էր տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխել իր ծրագրերը եւ մեկնել Կեմերովո, որտեղ հրդեհի հետեւանքով զոհվել էր առնվազն 64 մարդ, անկասկած ցանկացել է, որ ամեն ինչ լավ լինի»,- գրում է Bloomberg View-ի հրապարակախոս Լեոնիդ Բերշիդսկին:

«Անմիջապես ողբերգությունից հետո Կրեմլը համազգային սուգ չհայտարարեց, եւ եթե Պուտինը Կեմերովո չմեկներ, այդ անգթությունը կխոցեր բազմաթիվ ռուսաստանցիների, անգամ նրանց, ովքեր մարտի 18-ին քվեարկել էին նրա օգտին»: 

«Սակայն սիբիրյան քաղաք կատարած այցի ժամանակ Պուտինն իրեն հեռավորության վրա պահեց սգացող քաղաքացիներից: Այդ կերպ վարվելով՝ նա ուշադրություն հրավիրեց իր կառուցած համակարգի եւ այդ համակարգի կողմից կառավարվող ժողովրդի միջեւ առկա ընդարձակ անդունդի վրա: Եթե չլիներ այլակարծությունը ճնշելու Կրեմլի ունակությունը, այդ անդունդը հսկայական շանս կտար նրա քաղաքական հակառակորդներին»,-շարունակում է հեղինակը:

Ըստ նրա՝ ինչպես բոլորը Կեմերովոյում, Պուտինը գիտի, թե որն է եղել ողբերգության պատճառը: «Ոչ մի տեղեկանք հնարավոր չէ ստանալ առանց փողի, իսկ եթե փողը տվեցիր, ինչ ասես կստորագրեն, ահա թե ինչումն է ողբերգությունը»,-ասել էր նա պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանցի առաջնորդը քաջատեղյակ է, որ իր ղեկավարած համակարգը վերեւից ներքեւ կոռումպացված է: Սակայն նրա եւ բոլոր պաշտոնատար անձանց՝ այդ թվում կեմերովյան չարաբաստիկ քաղաքապետի կարծիքով, դա ընդամենը հանգամանք է, ինչի համար ինքը որեւէ պատասխանատվություն չի կրում»:

«Արդյունքն ընդհանուր ողբերգությունն է, որի համար ոչ մեկին չպետք է մեղադրել, նաեւ ֆոտո եւ վիդեոսեսիաների հնարավորությունների ցանկը, որին հետեւում է Պուտինը: Այդ ցանկում բացակայում է նրա դեմառդեմ հանդիպումը մոլեգնած ամբոխի հետ, նաեւ անկեղծ մտորումներն այն մասին, թե ինչ է անհրաժեշտ շտկել համակարգային մակարդակով: Պուտինի 4-րդ նախագահական ժամկետն արդեն նմանվում է տխրալից երկարատեւ երթի»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Bloomberg View

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝