Ռուսաստանը ոչինչ է՝ համեմատած այն գերտերության հետ, ինչպիսին էր ԽՍՀՄ-ն իր ժամանակին

orig-1490358134262a5bc7c27e5bd4c9c1a11681e6015b

 «Արեւմուտքի պատասխան միջոցները՝ կապված Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, կարող են հերթական անգամ ձեռնտու լինել Պուտինին եւ նրա՝ պաշարված ամրոցի հռետորաբանությանը: Հենց դրանում էլ կայանում է դիլեման՝ առաջադրված Ռուսաստանի ապագա նախագահի կողմից»,- գրում է շվեյցարական Le Temps-ը:

«Ո՞ւմ է ձեռնտու այդ հանցագործությունը: Մեծ Բրիտանիայում թաքնված ռուսաստանցի նախկին լրտեսի եւ նրա դստեր թունավորումը նոր ճգնաժամ առաջացրեց Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ»:

«Կարելի է մտորել այդ մահափորձի դրդապատճառների մասին նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ: Հաշվի առնելով Պուտինի իրական մասսայականությունը, ինչպես նաեւ քաղաքական համակարգում առկա ճնշումները, հեռացող նախագահը թույլ մրցակիցներից շատ առաջ է: Ենթադրությունն այն մասին, թե Սոլսբերիում քիմիական հարձակումը մտածված էր նրա ընտրական հաղթանակը խափանելու նպատակով,  զուտ երեւակայություն է»,-գրում է հեղինակը:

«Չնայած Լոնդոնը չի ներկայացրել Ռուսաստանի մասնակցության վերջնական ապացույցները, շատ մանրամասներ մատնանշում են Մոսկվային: «Նովիչոկ» նյարդա-պարալիզացնող նյութը, որի կիրառումը եվրոպական հողում քիմիական զենքի առաջին օգտագործումն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, արտադրվել է Խորհրդային Միությունում»,- ասվում է հոդվածում:

«Այսպիսով, Ռուսաստանն առնվազն կորցրել է վերահսկողությունը նյութի նկատմամբ, որը թունավորման աստիճանով չարաբաստիկ զարինին զգալիորեն գերազանցում է: Զարինը 30 տարի առաջ օգտագործել է Սադամ Հուսեյնը քրդերի դեմ, իսկ վերջերս օգտագործել է Բաշար Ասադը Սիրիայի տարածքում ապստամբների դեմ»:

«Մոսկվան եւ Վլադիմիր Պուտինը երբեք չեն թաքցրել այն, թե ինչպես են մտադիր վարվել «դավաճանների» հետ: Եթե կա ղեկավար, ով ընդունակ է օգուտ քաղելու միջազգային լարվածությունից, ապա դա, անկասկած, ռուսաստանցի նախագահն է: Վերջին շաբաթների ընթացքում թեկնածու Պուտինն անդադար խաղացել է Արեւմուտքի հետ առճակատման վրա. նոր միջուկային զենքի ներկայացումը, որը կարող է խոցել թշնամու պաշտպանությունը, անեքսիայի ենթարկված Ղրիմում վերջին նախընտրական ցույցը բացահայտ ծաղրանք են արեւմտյան պատժամիջոցների նկատմամբ»:

«Լարվածության նոր սրացումը որպես սառը պատերազմի վերադարձ դիտարկելը խաբուսիկ է: Ռուսաստանը ոչինչ է՝ համեմատած այն գերտերության հետ, ինչպիսին էր ԽՍՀՄ-ն իր ժամանակին: Այդ երկրի ՀՆԱ-ն համապատասխանում է Իսպանիայի ՀՆԱ-ին: Մոսկվան միջազգային բանավեճերում որոշակի կշիռ ունի, նախեւառաջ, իր վնասակարությամբ. նա աջակցում է երկրագնդի ամենավատ ռեժիմներին եւ ժողովրդավարական երկրներում փորձում է ազդել ընտրությունների վրա: Վտանգ կա, որ այս ամենը կգործի Վլադիմիր Պուտինի օգտին՝ ամրապնդելով պաշարված ամրոցի մասին նրա հռետորաբանությունը»,-գրում է Le Temps-ը:

Աղբյուր՝ Le Temps

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝