Ճշմարտությունը Սիրիայում ռուսաստանցիների մահվան մասին

7b0bb1c46978e952a7f6_900x600crop

Փետրվարի սկզբին ամերիկյան ավիահարվածների հետեւանքով իբր թե հարյուրավոր ռուսաստանցի զինվորականներ են մահացել: Գերմանական Der Spiegel հանդեսի հետաքննությունը ցույց է տալիս, որ հավանաբար ամեն ինչ այլ կերպ է եղել:

«Երկու շաբաթվա ընթացքում հրատարակչության աշխատակիցները փորձում էին վերապատկերել «սիրիական պատերազմի ամենաառեղծվածային մարտերից մեկը», խոսել են ականատեսների եւ մարտի մասնակիցների հետ, Դեյր էզ Զորի միակ հոսպիտալի եւ տեղի ռազմական օդանավակայանի աշխատակիցների հետ: Ստացված արդյունքը հակասում է     ռուսաստանյան եւ միջազգային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությանը»,- գրում է հոդվածի հեղինակ Քրիստոֆ Ռոյթերը:

«Փետրվարի 7-ին մոտ ժամը 17:00-ին Դեյր էզ Զորից հարավ 250 զինյալներ փորձում էին Եփրատի արեւմտյան ափից անցնել արեւելյան ափի կամրջով: Գործողությանը մասնակցել են Բաշար Ասադի կողմից կռվող սիրիացի զինվորականները, 4-րդ դիվիզիայի զինծառայողները, ինչպես նաեւ աֆղան եւ իրանցի զինյալներ: Ռուսաստանցի վարձկաններ, ականատեսների տեղեկացմամբ, նրանց մեջ չեն եղել»:

«Ամերիկացիները դեպի արեւելյան ափ շարժումը գնահատել են որպես հարձակում եւ իրականացրել են մի շարք նախազգուշական կրակոցներ կամրջի ուղղությամբ: Ոչ ոք չի վիրավորվել, հարձակվողները ետ են քաշվել»:

«Մութն ընկնելուն պես նույն խմբավորումներից երկու անգամ ավելի շատ մարդիկ անցան մեկ այլ օժանդակ կամրջով ՝ Դեյր էզ Զորի օդանավակայանի ուղղությամբ: Աննկատ նրանք հասան մինչեւ Մարաթ գյուղը՝ գետի արեւելյան ափը: Երբ ժ.22:00-ին մոտ նրանք սկսեցին առաջ ընթանալ դեպի «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ճամբարը Քուշամ շրջանում, որտեղ գտնվում են հատուկ նշանակման ամերիկյան զորքերը, եւ ամերիկացիները կրակ բացեցին»,- հայտնում է թերթը:

«Երբ համարյա նույն ժամին սիրիացի զինվորականների եւ շիա զինյալների եւս մեկ խումբ հարձակվեց «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ճամբարի վրա, ամերիկացիները պատասխան հարված հասցրեցին՝ կիրառելով ամբողջ զինանոցը»:

«Նախեւառաջ Թաբիա գյուղից իրականացրած գիշերային երկրորդ հարձակումը զայրացրեց ամերիկացիներին, հիշում են Al-Baker խմբավորման երկու զինվորական: Սահմանագծից այն կողմ գործում էր պայմանավորվածություն. մինչեւ 400 ասադամետ զինյալներ, ովքեր գտնվում էին գետի արեւելյան մասում դեռ 2017թ.-ի ԻՊ-ի դեմ մարտերի շրջանից, կարող էին մնալ այնտեղ, միայն այն պայմանով, որ նրանց թիվը չի գերազանցի 400-ը, եւ նրանք իրենց հանգիստ կպահեն: Հենց այդ պայմանավորվածությունն է խախտվել»,- ասվում է հոդվածում:

«Թաբիայում տեղակայված էր նաեւ ռուսաստանցի վարձկանների փոքր խումբ, սակայն անջատողականների խոսքերով՝ նրանք չեն մասնակցել մարտերին: Այնուամենայնիվ, 20 ռուսաստանցի զոհվել են, սակայն զոհերի մեծ մասը կազմում էին սիրիացիները, աֆղանները եւ իրաքցիները: Դեյր էզ Զորի միակ հոսպիտալի աշխատակիցն ասել է, որ հոսպիտալ են տեղափոխվել տասնյակ ռուսաստանցի զինվորականների դիակներ: Այնուհետեւ օդանավակայանի աշխատակիցն ասել է, որ երկու մեքենաներով դիակները տարան Ղամիշլի՝ Սիրիայի հյուսիսային սահմանի մոտ գտնվող օդանավակայան»:

«Ավելի ուշ տարածված տեղեկությունն այն մասին, որ մարտերում զոհվել են 100, 200, 300 եւ նույնիսկ 600 ռուսաստանցիներ, եւ որ Կրեմլը փորձում է թաքցնել տեղի ունեցածը, այնքան ճշմարտանման էր, որ այն անմիջապես տարածեցին նաեւ արեւմտյան լրատվական գործակալությունները: Սակայն իրական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Քուշամի եւ Թաբիայի միջեւ Եփրատի արեւելյան ափին, նաեւ ականատեսների ու մասնակիցների նկարագրությունները, չեն հաստատում ոչ այն, որ ռուսաստանցի վարձկաններն են հարձակումն իրականացրել, ոչ էլ այն, որ նրանք առհասարակ մասնակցել են մարտերին»,- պնդում է Spiegel-ը:

«Եթե այն լիներ ռուսաստանյան հարձակում՝ մեծ թվով զոհերով, մենք այդ մասին կհայտնեինք: Սակայն նման բան չի եղել: Թաբիայում գտնվող ռուսաստանցիների բախտը պարզապես չի բերել, նրանք սխալ ժամին սխալ տեղում էին հայտնվել»,- ասում է լրագրող Ահմադ Ռամադանը:

Աղբյուր՝ spiegel.de

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝