Պուտինը վախեցնում է ԱՄՆ-ին «ակնթարթային» միջուկային հարվածով՝ Ռուսաստանի վրա հարձակվելու դեպքում

image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է պատասխան ակնթարթային միջուկային հարվածի մասին ՌԴ-ի կամ նրա դաշնակիցների դեմ միջուկային զենք կիրառելու դեպքում:

«Մեծ անհանգստություն  են առաջացնում ԱՄՆ-ի միջուկային ռազմավարության որոշ թարմացված դրույթներ, որտեղ նվազում է միջուկային զենքի օգտագործման շեմը: Ոչ պաշտոնապես կարելի է ում հարմար է եւ ինչպես հարմար է հանգստացնել, սակայն մենք կարդացել ենք այն, ինչ մեզ գրել են: Իսկ գրած է այնպես, որ այն կարող է կիրառվել որպես պատասխան սովորական սպառազինության կամ նույնիսկ կիբերսպառնալիքի»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել  միջուկային զենք իր կամ իր դաշնակիցների դեմ մասսայական ոչնչացման միջուկային զենքի կիրառմանն ի պատասխան, կամ ՌԴ-ի դեմ ագրեսիայի դեպքում սովորական զենքի օգտագործմամբ, որը վտանգի տակ է դնում պետության գոյությունը:

«Ամեն ինչ շատ հստակ է ու պարզ: Այդ առումով իմ պարտքն եմ համարում հայտնել հետեւյալը. Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ցանկացած միջուկային զենքի օգտագործում, ինչ հզորության ու հեռավորության էլ որ լինի, մենք կդիտարկենք որպես միջուկային հարձակում մեր երկրի նկատմամբ: Պատասխանը կլինի անմիջապես եւ  իր բոլոր հետեւանքներով»,- ընդգծել է Պուտինը: Նրա խոսքերով՝ ոչ մեկը չպետք է դրա հետ կապված կասկածներ ունենա, այդ պատճառով անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ մտածել միջազգային անվտանգության ու քաղաքակրթության զարգացման կոլեկտիվ համակարգի թարմացման մասին: «Մենք միշտ ասել ենք ձեզ այդ մասին»,- ասել է Պուտինը:

2017թ.-ի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է երկրի ազգային անվտանգության թարմացված ռազմավարությունը: Համաձայն այդ փաստաթղթի՝ Ռուսաստանը եւ Չինաստանը կարող են հարված հասցնել կամ արգելք հանդիսանալ ամերիկյան շահերին: «Վրաստան եւ Ուկրաինա ներխուժելով՝ Ռուսաստանը ցուցադրեց տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը խախտելու պատրաստակամությունը: Ռուսաստանը շարունակում է վախեցնել իր հարեւաններին՝ սպառնացող այնպիսի վարքագծով, ինչպիսին է միջուկային մտադրությունների ցուցադրությունը եւ հարձակողական ներուժի տեղակայումն առաջնագծում»,- ասվում է տեքստում:

Դեկտեմբերի 19-ին Կրեմլում ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունն անվանեցին «կայսերական», որտեղ ցուցադրվում է «միաբեւեռ աշխարհից» չհրաժարվելու ցանկությունը:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝