Ռուսաստանը վերադառնում է ռեպրեսիվ մեթոդներով կառավարմանը եւ ամբողջատիրությանը

KMO_161606_00026_1_t218_214015

Ռուսաստանում անարգված են բոլոր ժողովրդավարական գաղափարները, մարտի 18-ի ընտրությունը զուտ արարողակարգ է հանդիսանում նախագահ Պուտինի լիազորությունների վերահաստատման համար, հայտարարել է «Լեւադա կենտրոնի» ղեկավար Լեւ Գուդկովը: 

«Ռուսաստանը վերադառնում է ամբողջատիրության: Ամեն ինչ կանխատեսելի է, դրանք ընտրություններ չեն: Դա արարողակարգ է նրա լիազորությունները հաստատելու համար, ով այժմ գտնվում է իշխանության ղեկին»,-ասել է Գուդկովը Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:

Ըստ նրա, հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին չէր կարող հաղթանակ տանել եւ անգամ արդար ընտրությունների անցկացման դեպքում կստանար ընտրողների ձայների առավելագույնը 20 տոկոսը:  Նավալնիի նկատմամբ շինծու քրեական գործ հարուցեցին եւ այդ պատրվակով չգրանցեցին նրա թեկնածությունը: Չէ՞ որ դա հնարավորություն կտար ընդդիմադիր գործչին հանդես գալ հեռուստատեսությամբ եւ հանրության լայն շրջանակներին հասու դարձնել կոռուպցիայի մեղադրանքները Պուտինի եւ նրա շրջապատի դեմ:

Լեւ Գուդկով

Լեւ Գուդկով

Ինչպես կարծում է Գուդկովը, Պուտինի սխալ հաշվարկների պատասխանատվությունը բարդում են այլ ինստիտուտների վրա՝ վարչապետի, կառավարության եւ Պետդումայի: «Պուտինի վստահության բարձր մակարդակը, ինչպես այլ ավտորիտար վարչակարգերի դեպքում, արտացոլում է պետական ինստիտուտների տկարությունը: Ոստիկանությունը եւ արդարադատական համակարգը պաշտպանում են պետությանը, եւ ոչ թե առանձին քաղաքացիների իրավունքները: Այդ պատճառով էլ ամբողջ հույսն առաջնորդի վրա է»,-նշել է սոցիոլոգը:

«Ղրիմի անեքսիայից հետո առաջացած խանդավառությունը նվազեց, իսկ այդ անեքսիայի հետեւանքները զգալի կլինեն դեռ երկար ժամանակ: Պետությունը զանգվածաբար խստացրեց գրաքննությունը եւ հասարակության նկատմամբ վերահսկողությունը, ամբողջ ներքին քաղաքականությունը ռեպրեսիվ բնույթ է կրում: Որոշակի իմաստով կարելի է խոսել ամբողջատիրությանը վերադառնալու մասին»,-կարծիք է հայտնել է Գուդկովը:

Սոցիոլոգի խոսքերով, Արեւմուտքի հետ առճակատումը խորհրդանշական բավարարություն է պարգեւում ռուսաստանյան ծայրագավառների բնակչությանը: «Կյանքը դրանից լավը չի դառնում, բայց մենք ստիպեցինք աշխարհին հարգել մեզ»,-ասում են նրանք հարցումների ժամանակ:

«Լեւադա կենտրոնը» 2016թ.-ին ներառվել է «օտարերկրյա գործակալների» ռեեստրում եւ այլեւս իրավունք չունի հրապարակել իր հարցումների արդյունքները, քանի որ դա գնահատվել է որպես միջամտություն ռուսաստանյան քաղաքականությանը:  

 

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝