Պուտինը հրապարակել է պաշտոնական տեղեկություն իր «համեստ» կարողության մասին

image

«Վլադիմիր Պուտինը 2011թ.-ից մինչեւ 2016թ.-ը վաստակել է 38,5 մլն ռուբլի, համաձայն այն տեղեկության, որը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի նախագահը տարեկան միջինը վաստակել է 112 հազար դոլար»,- The Washington Post-ում գրում է Ադամ Թեյլորը:

«Համաձայն նախագահի ներկայացրած տվյալների՝ նրան են պատկանում 13 բանկային հաշիվ ընդհանուր 13,8 մլն ռուբլի հաշվեկշռով, Սանկտ Պետերբուրգում գտնվող 78 քառ մետր մակերեսով բնակարան, «Սանկտ-Պետերբուրգ բանկի» 230 բաժնետոմսերը եւ 1960թ.-ի եւ 1965թ.-ի արտադրության երկու «Վոլգա», ինչպես նաեւ 2009 թ.-ի արտադրության «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ»,- ասվում է հոդվածում:

«Ռուսաստանի նախագահը պնդում է, որ այդ եկամուտների աղբյուրը պաշտոնական աշխատավարձն է, զինվորական թոշակը, ինչպես նաեւ խնայողական հաշիվներից եւ բաժնետոմսերից ստացված շահույթը»,-գրում է թերթը:

«Այնուամենայնիվ, բազմաթիվ դիտորդներ ենթադրում են, որ Պուտինի կարողությունն ավելի շատ է, քան նա խոստովանում է»,- նշում է Թեյլորը: Շատ գնահատականներ, հիմնականում, հաշվարկվում են միլիարդներով. 2015թ.-ին Պուտինի հայտնի քննադատ Բիլ Բրաուդերը նախագահի միայն մաքուր ակտիվները գնահատել է 200 մլրդ դոլար, մի թիվ, որը կարող էր նրան դարձնել մոլորակի ամենահարուստ մարդը»:

«Այդ գնահատականները հաստատելը դժվար է, սակայն որոշ մանրամասներ երբեմն բացահայտվում են: Այսպես, Պուտինի նախկին փեսան, Bloomberg-ի տվյալներով, հարսանիքից հետո ձեռք է բերել մի քանի մլրդ դոլարի բաժնետոմսեր: Նաեւ նկատվել է, որ նախագահը կրում է  մի քանի հարյուր հազար դոլար արժեցող ժամացույց»:

«Օբամայի աշխատակազմը դիտարկել է Պուտինի ֆինանսների մասին տվյալները հրապարակելու հնարավորությունը, որպեսզի նրան անհարմար վիճակում դնի 2016թ.-ի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսաստանյան ենթադրյալ միջամտության համար»,-գրում է ամերիկյան պարբերականը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝