Արեւմտյան առաջնորդները չպետք է ճանաչեն ռուսաստանյան կեղծված ընտրությունները

0_d1c89_b9c446f5_orig

Ռուսաստանցի հասարակական գործիչ եւ հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզան The Washington Post-ում հիշեցնում է, որ Ռուսաստանը վերջին անգամ ԵԱՀԿ-ի պահանջներին համապատասխան ընտրություններ անցկացրել է 2000թ.-ին, իսկ սկսած 2003թ.-ի Դումայի ընտրություններից՝ երկրում ոչ մի քվեարկություն չի համապատասխանել այդ կազմակերպության հիմնական չափանիշներին:

«Ամենաանընդունելին 2012թ.-ի ընտրությունների վճիռն էր, որը Պուտինին վերադարձրեց Կրեմլ,- գրում է Կարա-Մուրզան: -ԵԱՀԿ դիտորդները եկան այն եզրակացության, որ չի եղել իրական մրցակցություն, իսկ պետական ռեսուրսների չարաշահումը երաշխավորել է ընտրությունների հաղթողին առանց որեւէ կասկածի»:

«Տարիների ընթացքում արեւմտյան ժողովրդավարությունների վերաբերմունքը ռուսաստանյան ընտրություններին վերածվեց զարմանալի կեղծապաշտական մոդելի»,- շարունակում է հեղինակը:

«Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ-ի դիտորդները եզրակացրեցին, որ ընտրությունները կեղծված են, այդ նույն երկրների  առաջնորդները՝ ժողովրդավարորեն ընտրված նախագահները եւ վարչապետները, զանգահարում էին Վլադիմիր Պուտինին, որպեսզի շնորհավորեն նրան: Փաստացիորեն, հաջողված գողության համար»,-գրում է Կարա-Մուրզան:

«Դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսի եզրակացություններ կանի ԵԱՀԿ-ն մարտին, սակայն 2018թ.-ի ռուսաստանյան ընտրությունների որոշիչ ասպեկտը՝ իրական մրցակցության բացակայությունը, լավ հայտնի է բոլորին: ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը, որը հետեւում է ընտրությունների նախապատրաստական փուլին, հայտնում է, որ Ալեքսեյ Նավալնիին՝ Պուտինի «ողջ մնացած» մրցակիցներից ամենաուժեղին, չներառեցին ընտրաթերթիկի մեջ այն մեղադրանքի հիման վրա, որն ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, հորինված եւ անարդարացի է»,- ասվում է հոդվածում:

«Այս անգամ արեւմտյան առաջնորդները չպետք է շտապեն շնորհավորել «հաղթողին»՝ միջազգային կնիքով եւս մեկ անգամ ծաղրի ենթարկելով ժողովրդավարական գործընթացը,- գրում է Կարա-Մուրզան: -21-րդ դարում ԵԱՀԿ-ի անդամ պետության ղեկավարի համար օրինականության միայն մեկ ձեւը պետք է լինի ընդունելի՝ հիմնված ազատ եւ արդար ընտրությունների վրա: Դրա հաստատումն ամենաքիչն է, ինչը կարելի է սպասել այն երկրից, որը հպարտանում է իր ժողովրդավարական կառավարումով եւ օրենքի գերակայությամբ»:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝