Ինչո՞ւ է «օլիգարխների ցուցակը» խենթացնում ռուսաստանցի մագնատներին

IMG_0551-620x420

The Washington Post-ում Քրիստիան Քերիլը գրում է, որ «օլիգարխների ցուցակում», որը հրապարակվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից, ներկայացված չէ ոչ մի պատիժ եւ չի հիշատակվում ոչ մի պատժամիջոց:

«Ուրեմն ինչո՞ւ է ռուսաստանյան էլիտան այդպես խռովվել»,- հարցնում է լրագրողը:

Իրավիճակը գնահատելու համար Քերիլը դիմել է Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Փիթեր Հերելին: «Օլիգարխները մարտավարական սխալ հաշվարկ են կատարել,- պնդում է Հերելը: -Մտածում եմ՝ մարդիկ այդքան մեծ ուշադրություն չէին դարձնում այդ զեկույցին, երբ այն ուսումնասիրվում էր օգոստոսի վերջին: Այն փաստը, որ օլիգարխներն այդքան կտրուկ են արձագանքել այդ ցուցակին, ստիպել է ֆիննախարարությանը եւ Կոնգրեսին ավելի լուրջ հետաքրքրվել դրանով»:

Հերելի խոսքերով՝ ռուսաստանցի մագնատներն անհանգստացած  են, որ ցուցակում  ներառումը իրենց «շարք կկանգնեցնի» պատժամիջոցների հաջորդ փուլի համար: «Նրանց նաեւ անհանգստացնում են հեղինակության ռիսկերը: Ամբողջ աշխարհի բանկերը կարող են դժկամությամբ վարկավորել այն անձանց, որոնց անունները ներառված են այդ ցուցակում: Վերջերս անցկացրած հետազոտության ընթացքում հաստատվել է, որ ռուսաստանցիները շուրջ տրիլիոն դոլարի բաժնետոմսեր են տեղաբաշխել ԱՄՆ-ում: Այդ հարստությունը կորցնելու հեռանկարները հաստատ սփոփիչ չեն»,- նշում է Հերելը:

«Անգամ ցուցակի  ներկայիս «ցավազրկված» ձեւը պատկերավոր հիշեցում է այն մասին, որ Պուտինի վարչակարգը հիմնված է սիստեմատիկ կոռուպցիայի վրա, իսկ Կրեմլը խոստովանում է, որ այդ փաստն էական խոցելի տեղ է»,- գրում է լրագրողը:

«Դա հատկապես զգայուն հարց է ներկա դրությամբ, երբ Կրեմլը պատժում է ընդդիմադիր առաջնորդներին եւ կոռուպցիայի դեմ պայքարող Ալեքսեյ Նավալնիին: Մարտին սպասվում են  նախագահական ընտրություններ, եւ Պուտինի շրջապատը մտավախություն ունի, որ հիասթափված ընտրողները կարհամարհեն ընտրությունները՝ դրանով կասկածի տակ դնելով դրանց արդյունքների օրինականությունը: Զարմանալի չէ, որ որոշ ռուսաստանցի պաշտոնյաներ քննադատում են ցուցակի հրապարակումը՝ ապշեցնող ամբարտավանությամբ, իբր «միջամտություն ընտրություններին»,- եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝