Ռուսաստանը Սիրիայի հարցով անցկացրել է խաղաղ համաժողով՝ ապստամբների բոյկոտի ֆոնին

or-45521

«Սիրիական ապստամբական խմբավորումներից շատերը հրաժարվել են մասնակցել Ռուսաստանի կողմից կազմակերպված խաղաղ համաժողովին, որը տեղի է ունեցել Սոչիում: Նրանք, ովքեր ժամանել էին, հրաժարվեցին դուրս գալ օդանավակայանից»,- The New York Times-ում Սիրիայի ազգային երկխոսության մասին գրում է լրագրող Անն Բարնարդը:

«Որոշ պատվիրակներ հայտնել են, որ առաջարկությունների մշակման մեջ իմաստ չկա, քանի որ կոնգրեսի պաշտոնական ամփոփագիրը հիմնականում համաձայնեցվել է սկզբում: Շատերը եկել էին դատարկ ճամպրուկներով, որպեսզի դրանք լցնեին ռուսաստանյան ապրանքներով եւ վաճառեին իրենց երկրում, եւ օրվա ռեժիմը գրեթե հավասարաչափ բաժանված էր բանակցությունների եւ ընթրիքի միջեւ»,- ասվում է հոդվածում:

«Դա կլիներ քաղաքական կատակերգություն, եթե Սիրիայում կիրակի օրվանից, ըստ հաղորդագրությունների, չզոհվեր առնվազն 35 մարդ»: «Հաշվի առնելով այն, որ միջոցառմանը մասնակցել են 1.5 հազար պատվիրակներ, եւ նրանց մեջ կային քիչ թվով  սիրիական կառավարության հակառակորդներ, ակնհայտ է, որ նրանք մտադիր չէին անցկացնել լուրջ քննարկումներ»,- կարծում է Հիշամ Մարվան՝ ընդդիմության կոմիտեի խորհրդականն, ով հրաժարվել է մասնակցել: «Ռուսները փորձում են մեզ վերահսկել, եթե ոչ ուղղակիորեն, ապա այլ ճանապարհ գտնելու փորձով»,- ասել է նա:

Վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի իրական նպատակն էր փոխել ԱՄՆ-ի՝  համաշխարհային գերտերության դերը՝ միաժամանակ փոխելով դիվանագիտական գործընթացն այնպես, որ այն համապատասխանի ռազմական եւ քաղաքակական իրականությանը:

«Ըստ էության, Սոչիում ամենակարեւոր բանակցությունները տեղի են ունեցել ՄԱԿ-ի եւ Ռուսաստանի միջեւ: ՄԱԿ-ը համաձայնվել է, որ ազգային երկխոսության կոնգրեսին ներկա է լինելու Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դը Միստուրան, եթե Ռուսաստանը դադարեցնի փորձել Սոչին, այլ ոչ թե Ժնեւը բանակցությունների վայր դարձնել սիրիական սահմանադրության փոփոխության բանակցությունների համար»:

«Թուրքիայում բնակվող ընդդիմության մի քանի անդամներ համաձայնել են ժամանել Սոչի, սակայն հրաժարվել են հեռանալ օդանավակայանից՝ տեսնելով, որ համաժողովի վահանակներին պատկերված է ներկայիս սիրիական դրոշը, այլ ոչ թե հինը, որը դարձել էր հեղափոխության խորհրդանիշ»,- ասվում է հոդվածում:

Մի պահ համաժողովին ինքնաբուխ հանրային քննարկման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ընդհատել են, երբ նա իր խոսքում ասել է, որ «Սիրիան, Ռուսաստանի օգնությամբ, կարողացավ ոչնչացնել ահաբեկիչներին»: «Թող ձեր ինքնաթիռները դադարեցնեն ռմբակոծել սիրիացիներին»,- բղավել է ներկաներից մեկը: «Ռուսաստանում հարգալից է համարվում նախ ասել՝ խնդրում եմ»,- արձագանքել է Լավրովը:

 

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝