«Հաջորդ մանդատի ընթացքում Պուտինն ամբողջությամբ գործունակ չի լինի»

Putin-critic-Navalny-arrested-at-corruption-rally-784206

«Ռուսաստանում մարտին տեղի են ունենալու ընտրություններ: Պուտինի գլխավոր հակառակորդ Ալեքսեյ Նավալնին չի կարողանա մասնակցել ընտրություններին, սակայն, չնայած դրան, Կրեմլն անհանգստանում է: Որովհետեւ երիտասարդությունը մտածում եւ գործում է այլ կերպ»,- գերմանական Tageszeitung թերթում գրում է Կլաուս-Հելգե Դոնատը:

«Այսպես, Իլյա Յաշինը դեռ շատ երիտասարդ է, սակայն արդեն համարվում է ռուսաստանյան ընդդիմության փորձառու ներկայացուցիչ: Նա Ալեքսեյ Նավալնիի հետ միասին երկրի բնակչությանը գործադուլի կոչ է արել: Նավալնիին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին նախկին դատվածության համար: Թվում է՝ նպատակը պուտինյան հակառակորդին եւ կուռուպցիայի դեմ պայքարողին քաղաքականությունից հեռու պահելն է: 41-ամյա իրավաբանի նկատմամբ ծաղրն անդադար շարունակվում է»,- կարծում է հեղինակը:

«Պետական լրատվամիջոցները ձեւացնում են, որ Ալեքսեյ Նավալնին գոյություն չունի: Թվում է՝ կրեմլյան խումբը վախենում է բարձրաձայնել իր հակառակորդի անունը: Ընդդիմադիր գործիչն ավելի եռանդուն կերպով գործում է համացանցի աշխարհում: Երիտասարդների շրջանում, ովքեր դժվար թե ուշադրություն դարձնեն պետական հեռուստաընկերություններին, Նավալնին ճանաչում է ձեռք բերել: Նա ուրիշ, թարմ եւ երիտասարդ դեմք է, նա գիտի՝ ինչպես վերաբերվել հատկապես երիտասարդներին»:

«Ռուսաստանը կրկին դարձավ աղքատների հասարակություն, որտեղ մարդկանց միայն 10-15 տոկոսն է պատկանում միջին դասին: Պատերնալիզմը եւ սոցիալական ապահովությունը կրկին մեծ պահանջարկ ունեն: «Նոր Պուտինը», ըստ հարցումների, չպետք է լինի ոչ հետախույզ, ոչ զինվորական: Զինվորական համազգեստով մարդիկ ալերգիա են առաջացնում: Նման իրավիճակ արդեն եղել է, 1991թ.-ին կոմունիզմի անկումից անմիջապես հետո»,- ասվում է հոդվածում:

««Ընտրողների 43 տոկոսը համարվում են թոշակառուները եւ կախված են պետական վճարներից: Ընտրողների 20 տոկոսը պետաշխատողներ են: Պետական հեռուստաընկերությունների ծրագրերը կենտրոնացել են ընտրությունների վրա: Հակասական եւ անհանգստացնող նյութերը բացառվել են նորություններից: Դա չի մտնում բարեկեցության ձեւաչափի մեջ»,- նշում է Դոնատը:

«Կրեմլը գործի է դնում տասնյակ ոչ վտանգավոր հակառակորդների, կեղծ թեկնածուների, որպեսզի խթանեն մասնակցությունն ընտրություններին: Նրանց մեջ է նաեւ համարձակ Քսենյա Սոբչակը, ում թույլատրված է «ձկնորսություն անել» Նավալնիի ազատական պոտենցիալ ընտրազանգվածում»,- գրում է հեղինակը:  

Լրագրողի հետ զրույցում պատմաբան, պրոֆեսոր Վալերի Սոլովեյն ասել է, որ հաջորդ մանդատի ընթացքում Պուտինն «ամբողջությամբ գործունակ չի լինի»: «Արեւմուտքի համար նա այլեւս գործընկեր չի համարվում: Հաջորդ հարցը կարող է այսպես հնչել. «ինչպե՞ս ազատվել նրանից»»:

Աղբյուր՝ Tageszeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝