Քրդական «դոմինոն» կարող է անկանխատեսելի լուրջ հետեւանքներ ունենալ

YpGSyria

«Որտեղ էլ որ բնակվում են քրդերը, նրանց համար դյուրին չէ: Իրանի արեւմուտքում ապրող քրդերը ենթարկվում են լուրջ հետապնդումների իսլամական հանրապետության իշխանությունների կողմից, իսկ Իրաքի հյուսիսում բնակվող քրդերի դեմ անցկացվեց լավ կազմակերպված ռազմական գործողություն: Նրանք բախվեցին նաեւ դիվանագիտական նախաձեռնության հետ, ինչը ցույց տվեց, որ քրդերի անկախության հասնելու ձգտումները կարող են մեկ միասնական ընդդիմադիր ճակատում համախմբել Իրանին, Իրաքին եւ Թուրքիային»,- գրում է The Guardian-ի թղթակից Գարեթ Սթենսֆիլդը:

«Էլ ավելի է զարմացնում այն, որ արեւմտյան տերությունները նույնպես միավորվեցին ընդդեմ իրաքյան քրդերի, որոնք արժեքավոր դաշնակիցներ էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Արեւմտյան կառավարությունների դատողությունները տրամաբանական էին եւ անվրդով, երբ նրանք որոշեցին հավատարիմ մնալ Իրաքի տարածքային ամբողջականության պաշտպանության իրենց քաղաքականությանը: Սակայն, քրդերի կարծիքով, իրենց օգտագործել են որպես արժեքավոր խամաճիկներ»:

«Նույն սցենարը կրկին խաղարկվում է Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինում, որը գտնվում է «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» եւ նրանց քաղաքական գործընկերոջ՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցության վերահսկողության ներքո: Թուրքերի կարծիքով, այդ խմբերը սերտ կապեր ունեն «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ, որին Թուրքիան եւ արեւմտյան երկրները համարում են ահաբեկչական կազմակերպություն: Միեւնույն ժամանակ, այդ խմբերը պնդում են, որ իրենք սիրիացիներ են եւ պաշտպանում են Ռոժավայի ինքնավարության գաղափարը (ինքնահռչակ քրդական միավորում ապագա Սիրիայի դաշնային հանրապետության կազմում): Նրանք նաեւ հանդիսանում են Արեւմուտքի հավատարիմ դաշնակիցները ԻՊ-ի դեմ պայքարում»: 

«Խնդիրն այն է, որ այդ հայտարարությունները ճշմարտության տարրեր են պարունակում: Իրենց տրամադրության տակ ունենալով սահմանափակ քանակությամբ զենք, միաժամանակ ունենալով կարգապահության անսպառ պահուստներ եւ անվերապահ հավատ, այդ զորամիավորումները կարողացան ԻՊ-ից վերանվաճել Կոբանին, եւ նրանց հաղթանակը բեկումնային դարձավ ԻՊ-ի հարձակումների պատմության մեջ, որը մինչ այդ գրեթե անպարտելի էր թվում: Քրդերը հետզհետե ջիհադիստներին դուրս մղեցին նաեւ Իրաքի հետ սահմանի երկայնքով՝ մինչեւ Դեր-էզ-Զոր նահանգ: Համագործակցելով արեւմտյան՝ առաջին հերթին ամերիկացի զինվորականների հետ, քրդերը ձեռք բերեցին փորձ եւ հմտություն, ինչը հնարավորություն տվեց նրանց ամրապնդել իրենց դիրքերը»,-նշում է հոդվածագիրը: 


«Աֆրինն այն ճակատամարտը չէ, որը կարող են անտեսել արեւմտյան կառավարություններն այն մակերեսայնությամբ, ինչպես եղավ Իրաքում քրդական հանրաքվեի դեպքում: Մարտերում տակտիկապես կոփված քրդերն արդեն լուրջ վնաս են հասցնում Թուրքիայի խամաճիկ ուժերին: Կարո՞ղ են Թուրքիայի զինված ուժերը հաջողությունների հասնել: Դժվար թե… եւ եթե անգամ դա հաջողվի, նրանք ստիպված կլինեն դրա համար շատ բարձր գին վճարել: Թուրքական բանակը մինչ օրս փորձում է վերականգնվել 2016թ.-ի հուլիսի ձախողված հեղաշրջումից հետո: Եթե թուրքական զորքերը կամ նրանց միջնորդները հեղձվեն Աֆրինի արյունոտ սպանդում, բնակչությունը, որի շրջանում Էրդողանն անձամբ է բորբոքել ազգայնական եւ հակաքրդական տրամադրություններ, կասկածի տակ կդնի նրա դատողությունների սթափությունը»:

«Ավելին, Թուրքիայի քրդերը կարող են օգտվել Սիրիայի քրդերի ռազմական ակտիվության աճից եւ բարձրացնել իրենց պայքարի ինտենսիվությունը: Քրդական ազգայնականության նման ակտիվություն կարող է ի հայտ գալ նաեւ Իրաքում եւ Իրանում: Այդ քրդական «դոմինոն» կարող է անկանխատեսելի դառնալ, ունենալ լուրջ հետեւանքներ եւ անգամ սպառնալիքի տակ դնել մերձավորարեւելյան պետությունների սահմանները: Այն կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ ՆԱՏՕ-ի միասնությանը: Ռուսաստանի համար միջամտությունը սիրիական հակամարտությանը ՆԱՏՕ-ի ամբողջականությունը խախտելու հնարավորություն դարձավ: Օգնելով Թուրքիային Աֆրինում գործողություններ իրականացնելու համար, թույլ տալով օգտագործել իր օդային տարածությունը եւ դատապարտելով ԱՄՆ-ին «միակողմանի» գործողությունների համար, Մոսկվան կարող է հայտարարել, որ  մասնակցել է փայլուն ծրագրի իրագործմանը: Իսկ ՆԱՏՕ-ի 2 անդամ՝ ԱՄՆ-ը եւ Թուրքիան, կամ առնվազն նրանց միջնորդները կարող են ներքաշվել արյունալի եւ երկարատեւ հակամարտության մեջ»:   

«Իրադարձություններն Աֆրինում կարող են էական ազդեցություն ունենալ ոչ միայն քրդերի վրա Սիրիայի հյուսիսում, այլեւ կարող են  փոխակերպել ամբողջ տարածաշրջանը՝ Թուրքիան, Իրաքը եւ Իրանը, նաեւ լուրջ հետեւանքներ ունենալ Արեւմուտքի համար, որն այժմ ստիպված է դիմակայել Ռուսաստանի սպառնալիքներին»,-գրում է Գարեթ Սթենսֆիլդը:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝