Պուտինի ժամացույցի սլաքների խփոցներն արագանում են

065A3CD6-A378-42A1-A9D8-9D37ABA6374E_cx4_cy11_cw96_w650_r0_s

«ՌԴ նախագահն իշխում է նույնչափ երկար, որքան խորհրդային «հավերժական» առաջնորդ Լեոնիդ Բրեժնեւը: Պուտինը ցանկանում է իշխանության ղեկին մնալ եւս 6 տարի: Սակայն իր ստեղծած փակուղուց դուրս գալու ելքեր նա չի կարող առաջարկել»,-գրում է Անդրեաս Ռյոշը Neue Zuercher Zeitung-ում:

«Ռուսաստանյան էլիտան շարունակում է նյարդայնանալ: Եվ դա կապված չէ մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ, այլ վերջնական վճռի, որը պետք է կայացնեն ամերիկյան իշխանությունները հակառուսաստանյան նոր պատժամիջոցների տեսքով: Պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչների դեմ, այլեւ նրանց, ովքեր շփումներ ունեն ռուսաստանյան հատուկ ծառայությունների ապարատի հետ: Ամերիկյան օրենսդրությունը թիրախավորում է Ռուսաստանի խոցելի տեղը՝ հակասությունը, որի իմաստը կայանում է նրանում, որ երկրի ազդեցիկ ներկայացուցիչներն անընդհատ մեղադրում են Արեւմուտքին անբարոյականության եւ  չարանենգության մեջ, սակայն դեմ չեն այնտեղ բիզնես գործունեություն ծավալել, իրենց փողերը կամացուկ տեղափոխել օտարերկրյա օֆշորներ, երեխաներին ուղարկել արեւմտյան դպրոցներ եւ վայելել ամերիկյան մեծ քաղաքների առավելությունները: Դա երկակի կյանք է, ինչն այսօր արդեն վտանգի տակ է»,-նշվում է հոդվածում:

«Պուտինի ժամացույցի սլաքների խփոցներն արագանում են: Ռուսաստանյան տնտեսությունը կաթվածահար վիճակում է: Եթե 2008թ.-ին Պուտինը կարող էր միջինը 7%-անոց աճի ցուցանիշներ ներկայացնել, ապա դրանից հետո Ռուսաստանը երկու ռեցեսիա վերապրեց եւ զիջում է մյուս զարգացող երկրներին: 2014թ.-ից սկսած կրճատվում են բնակչության իրական եկամուտները»,-պնդում է հեղինակը:

«Վարչախումբը դա փոխհատուցում է ծայրահեղ ազգայնականությամբ, որը սնուցում է «ռուսաստանյան տրտմությունը» գերտերության կարգավիճակի վերադարձի վերաբերյալ: Եթե հավատանք Կրեմլի քարոզչությանը, Ռուսաստանը բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, միաժամանակ հանդիսանում է Արեւմուտքի դեկադանսի, ուկրաինական ֆաշիզմի եւ իսլամիզմի դեմ պայքարի բաստիոն: Այդ հռետորաբանությունը Պուտինին հաջողություն է բերում: Անեքսիայի ենթարկված «սուրբ» Ղրիմը նրան գրեթե «ազգային փրկչի» կարգավիճակ շնորհեց, Սիրիայում ռազմական հաջողությունները, Թուրքիայի հետ հակաարեւմտյան միության ստեղծումը եւ ԱՄՆ-ի վրա սենսացիոն հաքերային հարձակումները, թվում է, համոզում են սեփական հանրությանը, որ Ռուսաստանը վերադարձնում է գերտերության կարգավիճակը: Սակայն պուտինյան Ռուսաստանին սպառնում են նոր խնդիրներ, որոնց հետ երկիրը բախվել է բրեժնեւյան ժամանակաշրջանում, երբ ԽՍՀՄ-ը գերագնահատեց իր հնարավորությունները՝ ուռճացնելով ռազմական բյուջեն»:

«Կոռումպացված կառավարությունը կտրուկ կորցնում է հեղինակությունը: Եվ վարչախմբին ոչինչ չի մնում անելու, քան ակտիվացնել բռնաճնշումներն ընդդիմադիրների եւ ծայրահեղականորեն տրամադրված լրատվամիջոցների նկատմամբ: Դեռեւս լուծված չէ նաեւ հետնորդի հարցը, եւ այն գնալով սրվելու է: Եթե ինչ-որ մեկը կարող է խաչ քաշել Պուտինի քաղաքական կարիերայի վրա, ապա դա սեփական ռուսաստանյան էլիտան է, այն էլ միայն այն դեպքում, եթե ինքնամեկուսացման եւ լճացման պուտինյան ուղեգիծը զգալի վնաս հասցնի վերնախավի տնտեսական շահերին: Հենց այդ նպատակակետին են հարվածում ամերիկյան պատժամիջոցները՝ ուղղված օլիգարխներին»,-գրում է Անդրեաս Ռյոշը:

Աղբյուր՝ Neue Zuercher Zeitung

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝