Թրամփի աշխատակազմը դասը լավ է սերտել

image

«Մի քանի ամիս տեւած անհետեւողական աշխատանքից հետո Թրամփի աշխատակազմը Սիրիայի եւ այնտեղ ընթացող քաղաքացիական պատերազմի նկատմամբ հստակ քաղաքականության քայլ կատարեց»,-գրում է The Washington Post-ը՝ մեկնաբանելով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը:

«Թիլերսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է պահպանել Սիրիայում ռազմական ներկայությունը: Պետքարտուղարի հայտարարությունը հակասում է վերջին տարիների ամերիկյան քաղաքական ուղեգծին, որի իմաստը Սիրիայում խաղաղության հասնելն էր, նախեւառաջ, Ռուսաստանի հետ դիվանագիտական գործարքների ճանապարհով: Իսկ Վլադիմիր Պուտինի վարչակազմը բազմիցս խախտել է պայմանավորվածությունները՝ աջակցելով սիրիական կառավարության բարբարոսական արշավները»,-նշվում է հոդվածում:

«Քննադատները մեղադրում են Թրամփին, որ նա Սիրիայում սկսում է հերթական «անվերջանալի պատերազմը»: Իրականում ամերիկյան վարչակազմն ընդամենը ճանաչեց իրականությունը. ԱՄՆ-ը չի կարողանա կանխել «Ալ-Քաիդա»-ի եւ «Իսլամական պետության» վերածնունդը, խանգարել Իրանին Սիրիայում ռազմաբազաներ կառուցել եւ դադարեցնել քաղաքացիական պատերազմը, ինչի հետեւանքով միլիոնավոր փախստականներ մեկնեցին Եվրոպա, եթե Սիրիայում չպահպանի վերահսկողությունը տարածքների եւ զինված ուժերի նկատմամբ, ինչպես դա անում են Իրանը եւ Ռուսաստանը»: 

«Ոչ ոք չի ցանկանում, որ ԱՄՆ-ի զորքերը եւս մի քանի տարի մնան Մերձավոր Արեւելքում եւ զորախմբերի լայնածավալ տեղաբաշխում կատարվի: Սակայն Սպիտակ տան աշխատակազմը դասը լավ է սերտել. դեպի ելք տանող ճանապարհը սկսվում է ամերիկյան պարտավորությունների լուրջ եւ կայուն հանձնառությունից»,-եզրափակում է պարբերականը:

 

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝