Մոսկվան բանկ է ստեղծում, որպեսզի խուսափի ամերիկյան պատժամիջոցներից

52b031c881229

«Մոսկվան բանկ է ստեղծում, որը Կրեմլն օգտագործելու է իր պաշտպանական արդյունաբերությունը ֆինանսավորելու համար. այդ հնարքը կօգնի խուսափել ամերիկյան նոր պատժամիջոցներից»,- հայտնում է բրիտանական Financial Times-ի թղթակից Մաքս Սեդոնը: «Ռուսաստանի Կենտրոնական բանկից հայտնել են, որ «Պրոմսվյազբանկը»՝ ակտիվների ծավալով 9-րդ ռուսաստանյան բանկը, կդառնա հատուկ բանկ պաշտպանական արդյունաբերության համալիրի կարիքների համար»,- հայտնում է լրագրողը:

«Կենտրոնական բանկն անցած տարվա վերջից իր վրա է վերցրել «Պրոմսվյազբանկի» կառավարումը, որպեսզի կանխի սնանկացումը. դա առաջին տասնյակում գտնվող երրորդ բանկն է եղել, որը ենթարկվել է ազգայնացման չորս ամսվա ընթացքում»:

«Կրեմլը սկսել է քննարկել նոր պաշտպանական բանկի ստեղծման հարցը դեռես անցած տարվանից: Նախատեսվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը խորհուրդ կտա Կոնգրեսին կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ մինչեւ ամսվա վերջ: Վերջին ամիսներին Կրեմլը թաքցրել է բանկերի ցուցակը, որոնց թույլատրված է աշխատել պաշտպանական արդյունաբերության հետ, եւ սահմանափակել է պաշտպանական մրցույթների հանրայնացումը»:

««Պրոմսվյազբանկը», հավանաբար, իր վրա կվերցնի պաշտպանական ոլորտի վարկավորման գործառույթը, որն անում են մեծ պետական բանկերը, ինչպիսիք են «Սբերբանկը», որի բաժնետոմսերը վաճառվում են Լոնդոնյան ֆոնդային բորսայում, եւ ՎՏԲ բանկը: Այդ բանկերը ենթարկվում են սահմանափակումների Արեւմուտքում կապիտալ ներգրավելու հարցում, սակայն ի տարբերություն ՌԴ պաշտպանական արդյունաբերության մեծ մասի, դրանք ներառված չեն սեւ ցուցակում»:

««Պրոմսվյազբանկը», հավանաբար, կբախվի այնպիսի սահմանափակումների, ինչպիսիք դրված են Պուտինի մանկության ընկերներին պատկանող երկու բանկերի վրա՝ «Ռոսսիա» եւ ՍՄՊ բանկերը, որտեղ Visa-ի եւ MasterCard-ի արգելափակման պատճառով չեն կարողանում արտարժույթով գործողություններ իրականացնել»:

Աղբյուր՝ Financial Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝