Թուրքերի ռիսկային հաշվարկը Սիրիայում

8952420

«Թուրքական բանակի հարձակումը սիրիացի քրդերի վրա կարող է բազմաթիվ զոհերի պատճառ դառնալ: Թուրքիան ցանկանում է ընդլայնել իր ազդեցությունն, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»,- կարծում են գերմանական Handelsblatt թերթի լրագրողներ Օզան Դեմիրխանը եւ Անդրե Բալենը:

«Իրավիճակն արդեն վաղուց համարվում է բարդ եւ պայթյունավտանգ»,- գրում են լրագրողները:

«Թուրքական ռազմական միջամտությունն Անկարայի եւ Վաշինգտոնի բազմամյա վիճաբանության արդյունքն է՝ կապված Սիրիայում հստակ քաղաքականության հետ՝ ինչպես է ավելի նպատակահարմար հաղթել ԻՊ-ին»,- կարծում է Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ահարոն Շթայնը:

«Խոսքը գնում է տարածաշրջանում ազդեցության մասին: Մինչեւ վերջերս թուրքերի հարձակումը Սիրիայում քիչ էր ձեռնտու Մոսկվային: Սակայն ներկա դրությամբ Ռուսաստանի ձեռքերը կապված են, Անկարայի հետ դաշինքը հիմնված է քրդերին հետագայում աջակցելու Մոսկվայի մերժման վրա»,- նշում են Դեմիրխանը եւ Բալենը:

«Այն, որ թուրքական բանակը հիմա իրավունք ունի հարձակվել, խոսում է Ռուսաստանի հստակ մարտավարական հեղաշրջման մասին, որի քաղաքականությունը ներկայումս ակտիվորեն ուղղված է տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության դեմ: Ժամանակին Կրեմլը ծածուկ կարգավորում էր հարաբերությունները քրդերի հետ: ԻՊ-ի դեմ պայքարում քուրդ ապստամբները դարձան նախընտրելի ցամաքային զորքեր օդից ռուսաստանյան հարվածների հետ միասին: Սակայն Անկարայի հետ մերձենալու պահից քրդերի հետ հարաբերությունները կրկին սառել են»,- ասվում է հոդվածում:

«Երկար ժամանակ թվում էր, թե քրդական կազմավորումները կկարողանան օգուտ քաղել սիրիական դաժան հակամարտությունից՝ ավելի շատ ազդեցություն, ինքնավարություն եւ նույնիսկ սեփական պետություն ձեռք բերելով: Հիմա նրանք խաղալիք են դարձել տարածաշրջանում իշխանության համար պայքարում»,- գրում են լրագրողները:

«Քանի որ քրդերը խոցելի տարածաշրջանում տեղ-տեղ ունեն ծանր զինտեխնիկա, հակամարտությունը կարող է արագ սրվել եւ հանգեցնել բազմաթիվ զոհերի: Եթե Թուրքիան արդյունքում կարողանա դուրս հանել YPG-ի ապստամբներին, ապա դա հարված կլինի Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ սահմանային տարածքում ամերիկյան ազդեցությանը: Հավանաբար դա կուրախացնի Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին, ով հիմա ընդհանուր լեզու է գտել թուրք նախագահի հետ: Արդյունքում ռազմական միջամտությունը կարող է ամրապնդել Թուրքիայի դիրքերը որպես տարածաշրջանում իշխանության նոր կենտրոնի: Ռիսկային հաշվարկ է, սակայն, հավանաբար, տրամաբանական, Էրդողանի տեսանկյունից, ով ուժային քաղաքականության կողմնակից է»,- եզրափակում են լրագրողները:

Աղբյուր՝ Handelsblatt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝