Վլադիմիր Պուտինը ծրագրում է ցմահ «ցար» դառնալ. Նավալնի

72469427

«Ալեքսեյ Նավալնին կոչ է արել բոյկոտել նախագահական ընտրությունները, որպեսզի բացահայտվի քվեարկության կեղծիքը»,- հայտնում է The Telegraph-ը: «Այդ մարտավարությունը կարող է անհանգստացնել Կրեմլին: Ավելի վաղ հարցումներով կանխատեսվել է ռեկորդային ցածր մասնակցություն, ինչը կարող է կասկածի տակ դնել Պուտինի այն հավակնությունները, թե ճնշող մեծամասնությունն աջակցում է իրեն»,- մեկնաբանում է լրագրող Ալեք Լունը:

«Նպատակն է համոզել բոլորին, որ դա վերանշանակում է, այլ ոչ թե ընտրություններ, որպեսզի նվազի մասնակցությունը եւ լրացուցիչ հարված հասցվի  վարչակազմին եւ Պուտինին»,- ասել է Նավալնին The Telegraph-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ նախագահը ձգտում է մնալ իշխանության ղեկին որպես «ցար» մինչեւ կյանքի վերջը:

«Միեւնույն ժամանակ թեկնածու Քսենիա Սոբչակը, ում քարոզարշավը շատերը համարում են Կրեմլի խայծը, Նավալնիի կոչն անվանել է «անարդյունավետ եւ վնասակար մեթոդ», որը միայն կավելացնի Պուտինի օգտին քվեարկողների թիվը»:

Ալեքսեյ Նավալնի

Ալեքսեյ Նավալնի

Նավալնիի խոսքերով՝ Պուտինի ճանաչվածությունն ուռճացվել է այլընտրանքի բացակայության հաշվին: «Ցուցադրում են հզոր Պուտինին եւ այդ ծիծաղելի թզուկներին նրա կողքին: Իհարկե, մարդիկ քվեարկելու են նրա օգտին»,- ասել է նա:

«Որպես մարդ, ով քարոզարշավ է անցկացրել ամբողջ երկրում եւ այցելել է «պուտինամետ վայրերը», ես կարող եմ ասել, որ այդ շրջաններում Պուտինն ամուր աջակցություն չունի, այնտեղ միայն աղքատություն եւ հուսահատություն է»,- ավելացրել է Նավալնին:

«Ընտրողներն այդքան էլ հետաքրքրված չեն այն ընտրություններով, որի արդյունքները կանխորոշված են,- նշում է The Telegraph-ը: -«Լեվադա կենտրոն»-ը բացահայտել է, որ ընտրություններին մտադիր է մասնակցել միայն ընտրական իրավունք ունեցողների 52 տոկոսը: Դա հետխորհրդային Ռուսաստանում տեղի ունեցած բոլոր նախագահական ընտրությունների ամենացածր տոկոսն է: Եթե Նավալնին կարողանա իր բոյկոտով ավելի խորացնել դա, Կրեմլը կհայտնվի ծանր վիճակում: Ինչ էլ որ լինի, Նավալնին կկարողանա ցածր մասնակցության մեջ իր վաստակն ունենալ, նույնիսկ, եթե Պուտինը հաղթանակ տանի»:

«Եթե մենք ինչ-որ բանի չենք հասել, ապա դա այն պատճառով, որ բավարար ջանասիրությամբ չենք աշխատել կամ ճիշտ ժամանակը չի եղել: Մենք պետք է նորարար լինենք: Ես տեսնում եմ, որ ճշմարտությունը մեր կողմից է»,- ասել է Նավալնին:

Աղբյուր՝ The Telegraph

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝