ԱՄՆ-ը փաստացի աջակցում է Եփրատ գետի հյուսիսում անկախ պետության ստեղծմանը

976778_20180117140536

«Սիրիայի հյուսիս-արեւելքում նոր սահմանապահ ուժերի ստեղծման նախագիծը, որը պետք է գործի քրդերի վերահսկողությամբ եւ ԱՄՆ-ի աջակցությամբ, տարածաշրջանում մտավախություն է առաջացրել, որ ԱՄՆ-ը նպաստում է ինքնավար քրդական անկլավի ամրապնդմանը, որն ընդունակ է ավելի շատ փլուզել երկիրը»,- գրում է The New York Times-ը: «30 հազարանոց ուժերը, որի ստեղծմանը կտրականապես դեմ են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը եւ սիրիական կառավարությունը, կարող են նաեւ «կայծ» դառնալ, որից պատերազմի նոր փուլ կբռնկվի՝ իրար դեմ տրամադրելով ամերիկյան դաշնակիցներին եւ ԱՄՆ-ին ավելի խորը հակամարտության մեջ քաշելով»,- նշում է լրագրող Էնն Բարնարդը:

«Քրդերը եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հայտնել են, որ սահմանապահ ուժերը կօգնեն պաշտպանել Սիրիայի հյուսիսարեւելյան մասը, որը վերահսկվում է «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) կողմից եւ փաստացի դարձել է կիսաինքնավար գոտի: ԱՄՆ-ը պարտավորվել է առնվազն երկու տարի աջակցել այդ ուժերին»,- ասվում է հոդվածում:

«Սիրիայի, Ռուսաստանի եւ Իրանի կառավարությունները, ինչպես նաեւ սիրիական ընդդիմադիր խմբավորումների մեծ մասը դեմ են Սիրիայի մասնատմանը: Թուրքիան կտրականապես դեմ է սիրիական քրդերի կիսաինքնավար գոյությանը եւ սպառնում է ներխուժել Աֆրին՝ սիրիական քրդերի մյուս անկլավը»:

«Սիրիայում նոր սահմանապահ ուժերի վերաբերյալ ամերիկացի փորձագետների կարծիքները բավականին տարբեր են»,- նշում է Բարնարդը:

«Իմաստը նրանում է, որպեսզի երաշխավորեն «Իսլամական պետության» ջախջախումը, եւ հաստատեն, որ նրա վերածնման համար նախադրյալները վերացված են,- ասում է փորձագետ Էնդրյու Թեյբլերը: -Դա չի արվում ինչ-որ «Քուրդիստանի» կամ երկարաժամկետ անկլավի ստեղծման համար»:

«Սակայն մեկ այլ փորձագետ Ջոշուա Լենդիսն իր հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը փաստացի աջակցում է Եփրատ գետի հյուսիսում անկախ պետության ստեղծմանը, որը վերահսկելու է Սիրիայի նավթագազային հանքավայրերի նշանակալի մասը եւ ՀԷԿ-ը, ինչպես նաեւ ունի սեփական բանակ եւ քրդական լեզվով դպրոցական ուսումնական ծրագիր»:

 «Այն վերածվելու է քրդերի վերահսկողության տակ գտնվող պաշտոնական պետության, եթե ԱՄՆ-ը շարունակի պաշտպանել եւ ֆինանսավորել»,- ենթադրում է Լենդիսը:

«Լենդիսի խոսքերով՝ այդ ուժերը հավանաբար ոչ այնքան քրդերի երկարաժամկետ պարտավորությունների արդյունք են, որքան ամերիկյան ներկայությունը պահպանելու առիթ որպես հակակշիռ այդ տարածքում գտնվող Իրանի ուժերի»:

«Այդ անորոշության ֆոնին քրդերն ապահովագրվում են: Նրանք համագործակցում են ոչ միայն ամերիկացիների, այլ նաեւ ռուսաստանցիների հետ: Վերլուծաբանների եւ պաշտոնատար անձանց կարծիքով, Ռուսաստանի հետ կապերի պահպանումը քրդերին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի վրա ազդելու լծակներ է տալիս, ինչպես նաեւ ապահովում է նրանց «պահուստային ելքով»՝ սիրիական կառավարության հետ հաշտվելու միջոց այն դեպքում, եթե մյուս բոլոր տարբերակները չաշխատեն»:

«Ինչ էլ որ լինի, նոր սահմանապահ ուժերի շուրջ վեճերը նոր խոչընդոտներ են առաջացնում Սիրիայում պատերազմն ավարտելու բանակցությունների համար»,- եզրափակում է լրագրողը:

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝