«Կրեմլյան զեկույցը» ցավոտ հարված կլինի պուտինյան օլիգարխների համար

_98708455_6917d3ac-984c-4c59-9e69-b600c5b5c368

«Առաջիկայում Վաշինգտոնում որոշում է կայացվելու, թե ռուսաստանցիներից ում ազգանուններն են ներառելու նոր պատժամիջոցների ցուցակում: Կրեմլը պատրանքներ չի տածում ԱՄՆ-ի նպատակների հետ կապված»,-գրում է Die Welt-ի թղթակից Էդուարդ Շթայները:

«Խոշոր ռուսաստանյան ընկերությունների ղեկավարներն այսօր ԱՄՆ-ի աշխատակազմից վախենում են, ինչպես սատանայից: Զարմանալի չէ. մինչեւ հունվարի վերջ Սպիտակ տունը պետք է Սենատին ներկայացնի զեկույց՝ կապված նոր պատժամիջոցային ցուցակի հետ»,- գրում է լրագրողը, այսինքն նոր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվելու են պատժամիջոցներ ՌԴ կառավարության հետ հատուկ մտերմություն ունենալու պատճառով: Ռուսաստանյան լրատվամիջոցները նոր ցուցակն արդեն կնքել են «կրեմլյան զեկույց» անունով»:

«ԱՄՆ մեկնելու արգելքի հետ միասին սպառնում է նաեւ ամերիկյան ընկերությունների հետ բիզնես վարելու արգելքը, ինչպես նաեւ ակտիվների սառեցումը, նախեւառաջ կաշառակերության կամ փողերի լվացման մեջ կասկածելու դեպքում»,- հայտնում է հոդվածի հեղինակը:

«Քանի դեռ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ պոկերի այս խաղը չի ավարտվել, կողմերը վերջնական որոշում չեն կայացրել, թե ինչքան լուրջ պետք է լինեն պատժիչ միջոցները, համապատասխանաբար նաեւ հակամիջոցները: Սակայն, որքան քիչ բան է հայտնի այդ ճակատագրական ցուցակի մասին, այդքան շատ խոսակցություններ են շրջանառվում,- նշում է Շթայները: -Օրերս աղմուկ բարձրացրեց Օլեգ Միտվոլը՝ ոչ այդքան բարձր դասի քաղաքական գործիչը՝ ասելով, որ տնօրինում է 568 ազգանուններից բաղկացած ցուցակի, որտեղ ներառված է նաեւ իր ազգանունը»:

«ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը չի շտապում մեկնաբանել: Մինչ այդ պուտինյան շրջապատի ներկայացուցիչների 50 ազգանուններից բաղկացած ինչ-որ ցուցակի մասին գրել էր մոսկովյան «Коммерсант»-ը, իսկ Financial Times թերթը հայտնել է, որ ռուսաստանյան ընդդիմությունն իբր թե Վաշինգտոնին է ուղարկել 200 անձանց հետ կապված առաջարկներ, որոնց պետք է ներառել այդ ցուցակում»:

«Նա, ով Ռուսաստանի նախագահի մերձավոր շրջապատից է, պատրանքներ չունի, որ չի գտնի իր ազգանունն այդ ցուցակում: Առավել անհասկանալի է մնում այն օլիգարխների վիճակը, ովքեր թեեւ տասնամյակներ առաջ Պուտինի կողմից հեռացվել են առանցքային քաղաքական պաշտոններից, սակայն շարունակում են հաջող բիզնես վարել՝ կախված Կրեմլի բարեհաճությունից: Ռուսաստանյան խոշոր ընկերությունների ղեկավարներն անհանգիստ են, ինչպես երբեւէ»:

«Նրանք բառացիորեն կանգնած են երկընտրանքի առաջ,- նշում է լրագրողը:- Նրանք պետք է իրենք իրենց հարց տան, թե ում նկատմամբ պետք է հավատարմություն ցուցաբերեն: Եթե նրանք իրենց վրա ուշադրություն հրավիրեն Կրեմլի ղեկավարության հետ մտերմության պատճառով, ապա կավելանա պատժամիջոցային ցուցակում հայտնվելու հավանականությունը: Եթե նրանք ցանկանում են խուսափել այդ ռիսկերից, ապա պետք է ազդարարեն երկրի քաղաքական ղեկավարությունից հեռու մնալու մասին, ինչն էլ իր հերթին հղի է Ռուսաստանում առկա դժվարություններով»:

«Մոսկվան լավ հասկանում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է սեպ խրել օլիգարխների եւ Կրեմլի միջեւ: Դեռեւս անցած տարվա նոյեմբերի վերջերին Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վաշինգտոնը հետապնդում է այդ նպատակը Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախօրեին: Այսօր, ըստ երեւույթին, ռուսաստանցի խոշոր գործարարները որոշել են ստվերում մնալ եւ «չերեւալ»: Պահմտոցին դժվար թե օգնի: Պուտինի հետ մերձեցումը երբեմն շատ թանկ արժեք է ունեցել: Հիմա այդքան էլ հեշտ չի լինի դա թաքցնել»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝