Ռուսաստանցի օլիգարխները լարված սպասում են Պուտինի ընկերների ցանկով ամերիկյան զեկույցին

xxADprSvxSM06jAVTRkUv1XKYYOtsNx6

«ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ավարտում է օլիգարխների պաշտոնական առաջին ցուցակի հետ կապված աշխատանքը, որտեղ ներառված են նախագահ Պուտինի կառավարությանը մոտ անձինք, եւ դա հարուստ ռուսաստանցիներին իրենց հեղինակությունն ու ունեցվածքը պահպանելու ջղաձիգ փորձերի է մղում»,- Bloomberg-ում պնդում է լրագրող Սալեհ Մոհսինը:

«Որոշ անձինք, ովքեր ենթադրում են, որ շատ մեծ հավանականությամբ կհայտնվեն այդ ցուցակում, անցկացրել են «սթրես թեստեր», որպեսզի բացահայտեն իրենց ներդրումների համար հնարավոր հետեւանքները: Մյուսներն, ինչպես ասում են ամերիկացի խորհրդատուները, վաճառում են իրենց բաժնետոմսերը: Ռուսաստանցի գործարարները դիմել են ԱՄՆ Ֆինանսների նախարարության եւ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյաներին, ովքեր պատժամիջոցների ուղղվածությամբ աշխատելու փորձ ունեն, որպեսզի վերջիններս օգնեն խուսափել այդ ցուցակում ներառվելուց, ասել է Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Դեն Ֆրիդը՝ հայտնելով, որ մերժել է նման առաջարկությունները: Մեկ անձ, ում հետ կապ է հաստատվել, ասել է, որ որոշ ռուսաստանցիներ Վաշինգտոն են ուղարկել իրենց վստահված անձանց»,- հաղորդում է գործակալությունը:

Ցուցակի կազմման օրենքով նախատեսված վերջնաժամկետն այս տարվա հունվարի 29-ն է:

«Պատժամիջոցների հետ համեմատ սա ավելի ցածր աստիճան է, քանի որ ակտիվները չեն արգելափակվում, սակայն հեղինակության վրա ազդում են ճիշտ այնպես, ինչպես պատժամիջոցները. դու այն մարդկանց ցուցակում ես, ովքեր ինչ-որ վատ բանով են զբաղված»,- ասել է Ferrari & Associates ընկերության հիմնադիր Էրիխ Ֆերարին:

«ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում եւս ցուցակն իսկական գլխացավանք է դարձել. որոշ պաշտոնյաներ ուսումնասիրում են զեկույցի առանձին հատվածներ գաղտնիացնելու գաղափարը: Կոնգրեսը նաեւ պահանջել է, որպեսզի ֆիննախարարությունը վերլուծի պատժամիջոցների ազդեցությունը ռուսաստանյան պետական պարտատոմսերի վրա»,- գրում է գործակալությունը՝ պնդելով, որ եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի պարտատոմսերի նկատմամբ, դա հզոր հարված կլինի Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ոլորտին:

Աղբյուր՝ Bloomberg

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝