«Իսլամական պետություն»-ից վերադարձած անձանցից շատերն այժմ ազատության մեջ են

1460539279_igil

«ԳԴՀ-ի Դաշնային քրեական ոստիկանության տվյալներով՝ 2012թ.-ից ավելի քան 960 տղամարդ եւ կին լքել են Գերմանիան, որպեսզի միանան Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական պետությանը» եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների»,- հայտնում է գերմանական Der Spiegel հանդեսը:

«Ահաբեկչական խմբավորումների լիակատար պարտությունից հետո անվտանգության մարմիններն ակնկալում են ԻՊ-ից վերադարձողների մեծ հոսք: Դա Գերմանիային լուրջ խնդրի առաջ է կանգնեցնում»,- գրում է հոդվածի հեղինակ Մարտին Կնոբեն:

«ՆԳ նախարարության եւ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների շրջանում անցկացրած հարցումներից պարզ է դարձել, որ նրանք, ովքեր արդեն վերադարձել են Սիրիայի եւ Իրաքի մարտական գործողությունների գոտիներից, գտնվում են ազատության մեջ: Այսպես, Համբուրգից Սիրիա մեկնել են 80 տղամարդ ու կին, նրանցից 25-ն արդեն վերադարձել են, եւ միայն մեկն է ձերբակալվել»,- հայտնում է թերթը:

«Կա մեկ լուրջ խնդիր: Շատ դեպքերում բացակայում է ապացույցը, որ երկրից հեռացածներն իրոք համարվում են ահաբեկչական խմբավորման անդամ կամ աջակցել են նրանց: Ապացույցների թույլ բազայի պատճառներից մեկն այն է, որ վերադարձողներից քչերն են կանգնում դատարանի առաջ որպես ականատեսներ»,- ասվում է հոդվածում:

Իսլամագետ Գիդո Շտայնբերգն, ով ահաբեկչության հետ կապված բազմաթիվ դատական գործընթացներում հանդես է գալիս որպես փորձագետ, կարծում է. «Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ եթե նրանք հիմա պատմեն ամբողջ ճշմարտությունը, ապա իրենց համար ավելի վատ կլինի, քան եթե նրանք առհասարակ չխոսեն»: «Փորձագետի կարծիքով, ցանկալի է քաղաքական ազդանշան լիներ այն, որ իշխանության հետ համագործակցությունը կխրախուսվի»:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝