Ռուսաստանում ԳՈՒԼԱԳ-ի պատմաբանին ստիպել են հոգեբուժական զննության ենթարկվել

6f23d737ea72e0c96039ed9326d7722e

«Ռուսաստանցի պատմաբան, ԳՈՒԼԱԳ-ի (ԽՍՀՄ-ի Ճամբարների եւ կալանավայրերի գլխավոր վարչություն) հարցերով մասնագետն այս շաբաթ պետք է անցնի պարտադիր հոգեբուժական հետազոտություն: Ըստ էության, նա զայրացրել է ինչ-որ պաշտոնյաների այն պատճառով, որ խանդավառությամբ փնտրում եւ հրապարակում է Ստալինի արյունարբու վարչակարգի մասին տեղեկություններ»,- The New York Times-ում գրում է Իվան Նեչեպուրենկոն:

Թերթը մանրամասներ է ներկայացնում. «61-ամյա պատմաբան Յուրի Դմիտրիեւը, ում գործունեությունը, երեւում է, դեմ է Կրեմլի նոր ուղեգծին՝ ռուսական անցյալի հպարտության շեշտադրությամբ, 2016թ.-ի դեկտեմբերին ձերբակալվել է  մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեղադրանքով այն բանից հետո, երբ իր որդեգրած աղջկան՝ Նատալյային, մերկ լուսանկարել է, ով այդ ժամանակ եղել է 11 տարեկան: Դմիտրիեւն ասել է, որ նկարներն արել է այն պատճառով, որպեսզի խնամակալության ծառայությունը չկարողանա իրեն մեղադրել աղջկան ծեծելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում»:

Դեկտեմբերի վերջին փորձագետների խումբը եզրակացրել է, որ այդ դրանք նման  բնույթի լուսանկարներ չեն, եւ Կարելիայի դատարանը հրաժարվեց երկարաձգել Դմիտրիեւի կալանքը հունվարի 28-ից հետո:

Թերթը շարունակում է. «Սակայն միաժամանակ դատարանը փոխ առավ ստալինիզմի ժամանակաշրջանի մեթոդները. որոշեց Դմիտրիեւին ուղարկել Մոսկվա հոգեբուժական հետազոտության, ինչպես նաեւ նկարները հանձնեց այլ փորձագետների»:

«Դմիտրիեւի փաստաբան Վիկտոր Անուֆրիեւն ասել է, որ կառավարությունում ինչ-որ մեկը հրաժարվում է թույլատրել փակել Դմիտրիեւի գործը»: «Կա ինչ-որ ուժ, որը փորձում է հասնել ցանկալի արդյունքի,- ասել է Անուֆրիեւը: – Նրան արդեն իսկ մեկ տարի բանտարկել են: Եթե մեղադրանքները չեղարկվեն, ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի»:

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝