Սիրիայի ապստամբների վերջին խոշոր հենակետի համար կատաղի մարտեր են ընթանում

SAA-tank-in-rural-Hama

«ՄԱԿ-ն անհանգստություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արեւմտյան Իդլիբ նահանգում ռազմական գործողությունների ակտիվացման եւ ավերածությունների հետ կապված: Սա տարածաշրջանում ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին խոշոր կենտրոնն է, որտեղ Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական բանակի հարձակումները վտանգում են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը»,-հաղորդում է The New York Times հանդեսը:

«ՄԱԿ-ի աշխատակիցները կոչ են արել մարդասիրական դադար հայտարարել Դամասկոսի մերձակա Արեւելյան Գութա շրջանում, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ եւ որտեղ պաշարված վիճակում շարունակում են ապրել շուրջ 400 հզր խաղաղ բնակիչներ»:

«Իդլիբի ուղղությամբ հարձակումը դեկտեմբերից սկսած ստիպեց ավելի քան 100 հզր մարդու լքել այդ տարածքը»,-հայտնել է Սիրիայում հումանիտար իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի խորհրդական Յան Էգելանը:

«Էգելանը նշել է, որ կառավարական զորքերի եւ նրանց դաշնակիցների հարձակումների ժամանակ ոչ մի միջոց չի ձեռնարկվել, որպեսզի խուսափեն զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում, թեեւ ռուսաստանյան եւ սիրիական զինված ուժերը պնդում են, որ հարձակում են ձեռնարկում միայն գրոհայինների ուղղությամբ»:

«Էգելանի խոսքերով, Իդլիբում հազարավոր հիվանդների սպասարկող առնվազն 2 բուժհաստատություն տուժել են վերջին օրերի հարձակումների ժամանակ: Իսկ միայն 2017թ.-ին բժշկական կենտրոնների վրա նման ավելի քան 100 հարձակում է արձանագրվել»:  

«Ռուսաստանը վերջին ամիսներին պարբերաբար հայտարարում է, որ դադարեցնում է ռազմական գործողությունները Սիրիայում, որտեղ գրեթե 7 տարի շարունակվում է արյունալի պատերազմը: Սակայն Իդլիբի ապստամբների վրա հարձակումը թույլ է տալիս պնդել հակառակը»:

«Իդլիբում ռուսաստանցիների ագրեսիվ ռեակցիան մասամբ արտահայտում է նրանց ցասումը Սիրիայում ռուսաստանյան ռազմաբազաների վրա անօդաչու սարքերով կատարված գրոհների պատճառով: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ դրոնները գործարկել են Իդլիբի ապստամբական խմբավորումները: Այդ տարածաշրջանում ընթացող կատաղի մարտերը սպառնում են խափանել սիրիական հակամարտության կողմերին Սոչիում մեկտեղելու Ռուսաստանի փորձերը»,-եզրափակում է պարբերականը:

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝