Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միությունը երբեք այսքան խարխուլ չի եղել

Russia-11-777x437

«Սիրիական Իդլիբում Դամասկոսի վարչակազմի հարձակումից խոցված Թուրքիան ԱԳՆ էր կանչել Իրանի եւ Ռուսաստանի դեսպաններին: Երկու դիվանագետներին առաջարկվել է դիմել իրենց իշխանություններին պաշտոնական Դամասկոսի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի սիրիական բանակը վերջ տա Իդլիբում տարվող ռազմական գործողություններին»,- Le Monde-ում գրում է Մարի Ժեգոն:

«Իդլիբ նահանգում բազմաթիվ խռովարար խմբավորումների վերահսկողության ներքո, որոնց մեջ գերակա դիրք է զբաղեցնում նախկին «Ջեբհաթ ան-Նուսրան», բնակվում է 2,6 մլն մարդ: Գերիշխող այդ խմբավորման դեմ պայքարի պատրվակով վարչակազմի ուժերը հարվածներ են հասցնում նաեւ չափավոր ապստամբներին»,-հայտնել է թուրք արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ռուսաստանյան դաշնակցին ուղղված որոշ ակնարկներով:   

«Հունվարի 29-30-ին Սոչիի գագաթաժողովին պետք է մասնակցեն Դամասկոսի վարչակազմի պատվիրակները, նրանց ռուսաստանցի եւ իրանցի հովանավորները, Թուրքիան եւ սիրիական ընդդիմությունը: Նպատակն է՝ վերջ տալ հակամարտությանը, որը 2011թ.-ից ավելի քան 340 հզր մարդու կյանք է խլել: Սակայն Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միությունը երբեք այսքան խարխուլ չի եղել»,-գրում է թղթակցուհին: 

«Թուրքիայի տեսանկյունից՝ Իդլիբի ուղղությամբ հարձակումն Աստանայում կնքված համաձայնագրի խախտում է, որը վավերացվել է սիրիական վարչակազմի հիմնական կողմնակիցներ Մոսկվայի ու Թեհրանի, եւ Բաշար Ասադի իշխանության դեմ հանդես եկող ապստամբներին աջակցող Անկարայի միջեւ: 2017թ.-ի մայիսին այդ երեք երկրները պայմանավորվեցին զինադադարի շրջանակում ստեղծել անվտանգության չորս «դեէսկալացիոն գոտիներ»: Մոսկվայի եւ Թեհրանի հետ պայմանավորվածության համաձայն, Թուրքիան 2017թ.-ի աշնանը դիտակետեր կառուցեց Իդլիբում: Հետագայում իրանական եւ ռուսաստանյան կողմերի մոտ հարցեր առաջացան, երբ այդ նահանգ մուտք գործելու ժամանակ թուրքական զորքերին ուղեկցեցին ջիհադիստները»:

«Այդ իրավիճակը չի գոհացնում Մոսկվային, որտեղ կարծում են, որ զինադադարն այլեւս անիմաստ է: Կրեմլը ջերմեռանդորեն ցանկանում է խռովարարների վերջը տալ այն պահից սկսած, երբ նրանք դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 7-ին անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարձակում գործեցին Հմեյնիմի եւ Տարտուսի ռուսաստանյան ռազմաբազաների վրա»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝