Ո՞վ է հարձակվում Սիրիայում ՌԴ ռազմաբազաների վրա. նոր առեղծված

1472444498

«Սիրիայում ռուսաստանյան գլխավոր ռազմաբազայի վրա կատարած առեղծվածային հարձակումները, այդ թվում նաեւ իրականացված մասսայական դրոնների օգնությամբ, ցույց են տալիս, որ ՌԴ դիրքերը դեռ խոցելի են, չնայած նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հաղթանակի մասին վերջին հայտարարությանը»,- գրում է The Washington Post-ը:

Հոդվածի հեղինակ Լիզ Սլայը ճշգրտում է, որ խոսքը դրոնների օգնությամբ ամենաակտիվ հարձակումներից մեկի մասին է, ինչպես նաեւ «Հմեյմիմ» ռազմաբազայում տեղի ունեցած հրթիռակոծման մասին, որի ընթացքում ռուսաստանցի երկու զինծառայող են զոհվել:

««Հմեյմիմ» ավիաբազան Սիրիայում ռուսաստանյան ռազմական գործողությունների կենտրոնն է, որը տեղակայված է սիրիական կառավարության կողմից պահպանվող տարածքում եւ մինչեւ հիմա համարվում էր անխոցելի», -ասել է փորձագետ Մաքսիմ Սուչկովը:   

«Այդ հարձակումը կասկածի տակ է դնում նաեւ Սիրիայում ՌԴ նվաճումների հիմնարարությունը, կարծում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի աշխատակից Ջենիֆեր Կաֆարելլան: Սակայն գլխավոր հարցն այն է, թե ով է պատասխանատվություն կրելու հարձակման համար»,- ասվում է հոդվածում:

«ՌԴ Պաշտպանության նախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին դրոնների օգնությամբ հարձակման տեխնոլոգիաներ տեղափոխելու մեջ՝ հայտնելով, որ այն պահանջում էր պատրաստվածության ավելի բարձր մակարդակ, քան այն, որքան ուներ Սիրիայում գտնվող որեւէ զինված խմբավորում: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Փեհոնը դա անվանել է «բացարձակ անարդարացի» մեղադրանք: «Իսլամական պետությունը» հաճախ օգտագործում էր զինված դրոններ ԱՄՆ-ի հետ կապված Արեւելյան Սիրիայում եւ Իրաքում գտնվող ուժերի դեմ առանց «հատուկ արդյունքի», ասել է նա՝ ավելացնելով, որ փոքր դրոններ կարելի է հեշտությամբ գնել: Սակայն «Իսլամական պետության» ամենամոտ դիրքերը գտնվում են արեւմտյան ափամերձ նահանգից 100 մղոն հեռավորության վրա, որտեղ տեղակայված է «Հմեյմիմ» ավիաբազան»,- նշում է հոդվածի հեղինակը:

Սուչկովի խոսքերով՝ ամենահավանական կասկածյալը համարվում է սիրիական ընդդիմադիր խմբավորումներից մեկը: «Սակայն ապստամբական խմբերից ոչ մեկը, ինչպես հայտնի է, չունի նման զինտեխնիկա», -ասվում է հոդվածում:

«Ամենատարածված տեսություններից մեկն այն է, որ պատասխանատվությունը կրելու են դժգոհ ալավիթները՝ Ասադի անձնական շրջապատից: Մասնավորապես «Հմեյմիմի» վրա կատարած հարձակումը հիշատակվում է «Ալավիթների ազատ շարժում» կայքում: Սակայն ալավիական ընդդիմության որոշ անդամներ այն չեն համարում իսկական կազմակերպություն եւ ենթադրում են, որ նրա օգնությամբ արեւմտյան հատուկ ծառայությունները փորձում են տպավորություն ստեղծել, որ վարչակազմի համախոհների միջեւ տարաձայնություններ կան: Սիրիական ընդդիմադիր լրատվական գործակալություններում կա եւս մեկ վարկած. իբր հարձակման մեջ մեղավոր են Իրանի կողմից աջակցվող ուժերը, քանի որ Իրանը ցանկանում է խանգարել Սիրիայում խաղաղ կարգավորման Ռուսաստանի ջանքերին, որոնք հակասում են Իրանի շահերին»,- ասվում է հոդվածում:

«Կան շատ տեսություններ,- ասում է Սուչկովը: -Սակայն ներկա պահին դա առեղծված է»:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝